HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՀՀԿ-ականը դժգոհ հղիներին հրավիրում է քննարկման

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի եւ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի այսօրվա ասուլիսը սկսվեց նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկության թեմայով:

«Ես այդ թեմայով չեմ ցանկանում խոսել: Չեմ ուզում որեւէ ձեւով անդրադառնալ,- նշեց Մինասյանը, ապա հավելեց,- ընդհանրապես, եթե բռնություն է կիրառվում, առավել եւս` պաշտոնատար անձի կողմից, նման մոտեցումը ընդունելի չէ: Մնացած հարցերը արդեն իրավասությունների խնդիր է` նախագահի, իրավապահ մարմինների: Ես չեմ ցանկանում սա որպես քաղաքական գործողություն դիտել»:

«Ես կարծում եմ, որ հարցը պետք է ուղղել քաղաքապետին եւ նախագահին,- բուն պատասխանից փորձեց խուսափել ՀՀԿ-ական Հակոբյանը,- դա պետական հարաբերությունների խնդիր է: Երբ քաղաքապետը հրաժարական է տվել, դա իմ գնահատականի կամ վերլուծականի կարիքը չունի»: Հարցին, թե տխուր է արդյոք, պատասխանեց. «Իհարկե, տխուր եմ»:

Ասուլիսի բուն թեման վերջերս ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքն էր, որը բողոքի ալիք է առաջացրել հղի կանանց շրջանում: Օրենքը գործում է դեկտեմբերի 1-ից:

Ժամանակավորապես անաշխատունակ քաղաքացիների համար (հղիներ, հիվանդներ, վերջիններիս խնամողներ) օրենքով նախատեսված է հետեւյալը. եթե նրանց միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափի (30.000 դրամ) հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է հենց նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (150.000 դրամ): Եթե միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից, ապա նպաստը  վճարվում է դարձյալ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Այսինքն` օրենքով կատարվել է հավասարեցում:

«Այս օրենքն ընդունելուց մեր նապատակը եղել է հետեւյալը. օրենքի ներքեւը չսահմանափակել, որպեսզի ցանկացած կին, որը կարող է ընդամենը մեկ օրվա աշխատանքային ստաժ ունենալ, օգտվել հղիության նպաստից,- ասում է Հ. Հակոբյանը:- Մեր հասարակության այն խավը, որն ունի բարձր աշխատավարձ ու դժգոհ է օրենքից, թող գա, իրար հետ քննարկենք»: Գալիք փետրվարին նախատեսվում է օրենքի փոփոխություն, որի քննարկումներին մասնակցելու համար էլ ՀՀԿ-ական պատգամավորը առաջարկ է անում դժգոհներին:

ՀՀԿ-ական գործիչն ասում է, որ իրենց հաշվարկով` 150.000-ից բարձր ամսական միջին աշխատավարձ է ստանում կանանց 3 տոկոսը, որոնք աշխատում են բանկային համակարգում եւ ՀԿ-ներում: Օրենքի նախագծով նախատեսված էր նպաստ հատկացնել նաեւ չաշխատող կանանց, սակայն ընդունվել է օրենք միայն աշխատողների մասով, ընդ որում` նպաստից եկամտահարկ է գանձվելու:

«Ի սկզբանե սխալ մոտեցում է որդեգրվել, որովհետեւ սոցիալական հավասարության գաղափարաբանությունն աղավաղվել է,- ասում է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:- Բոլորին պետք է վերաբերեր օրենքը` աշխատող են, թե ոչ: Իսկ վճարման մեծությունը պետք է արդարության սկզբունքից կախված լիներ: Հայաստանը հայտարարել է դեմոգրաֆիական ակտիվ քաղաքականության մասին, եւ այդ սկզբունքն այսօր ոտնահարվել է այս օրենսդրական նախաձեռնությամբ»:

Հակոբյանը հայտնեց, որ նպաստների վճարումը պետք է իրականացնեն սոցիալական ապահովության ծառայությունները եւ ոչ թե գործատուն, ինչպես նախկինում: Մինասյանն էլ այդ առիթով նկատեց. «Կոռուպցիոն ռիսկի տարր եք մտցնում: Ի՞նչն էր խանգարում, որ վարչարարությունը կատարելագործեիք, որպեսզի կեղծ տեղեկանքներով ստացողները հայտնաբերվեին, այլ ոչ թե արդարին ու անարդարին, ազնիվին ու անազնիվին դնեիք մի պատասխանատվության ներքո»:

Հ. Հակոբյանը նշեց նաեւ, որ փետրվարյան փոփոխություններով նախատեսում են, որ մայրերը հղիության նպաստից օգտվելու համար պետք է որոշակի ստաժ ունենան տվյալ ձեռնարկությունում: Միաժամանակ մտադիր են լուծել չաշխատող մայրերին նպաստ վճարելու հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter