HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նախկին աշխատակիցը` ընդդեմ «Արարատ» ֆուտբոլային ակումբի

Սերգեյ Բալայանցը 2004-ից աշխատել է «Արարատ» ֆուտբոլային ակումբում: Սկզբում նա եղել է «Ֆուտբոլ Review» թերթի էջադրողը, այնուհետեւ աշխատել է որպես ակումբի կայքի (www.fcararat.am) ձեւավորող:

Երբ 2009-ի հունիսին ակումբի գործադիր տնօրեն է նշանակվել «Արարատի» նախկին հայտնի ֆուտբոլիստ, ապա գլխավոր մարզիչ ու փոխնախագահ Արկադի Անդրեասյանը, վերջինս որոշում է կայացրել փակել կայքը:

«Նոր հաշվապահն ասաց, որ մայիսի 1-ով ինձ ազատում են աշխատանքից: Այսինքն` ես մայիս-հունիս ամիսների աշխատավարձերը կորցնում էի, բայց համաձայնեցի: Փաստորեն, պիտի ստանայի վերջնահաշվարկ, որի մեջ` մարտ-ապրիլ ամիսների չստացած աշխատավարձը: Ընդհանուր գումարը կազմում էր մոտ 210.000 դրամ»,- պատմում է Սերգեյը:

Ա. Անդրեասյանը, սակայն, չի վճարել Բալայանցի վերջնահաշվարկը: Վերջինս էլ սկսել է նամակներ գրել ակումբի ղեկավարությանը:

Ահա այդ նամակներից մեկի պատասխանը, որը գրել է Անդրեասյանը 2009-ի հոկտեմբերին. «Ձեր եւ «Արարատ» ՖԱ-ի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 31.12.2008 թ.-ին:

Հունվար եւ փետրվար ամիսներին չեք ներկայացել աշխատանքի, բայց ստացել եք աշխատավարձ, իսկ 02.03.2009 թ. դրությամբ ազատվել եք աշխատանքից` աշխատողի` աշխատանքի չներկայանալու պատճառով»:

Խոսքը Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի մասին է, որի 4-րդ մասում նշվում է. «Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին եւ պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը դուրս չի եկել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված»:

Սակայն Սերգեյը հավաստիացնում է, որ 2009-ի հունվարից մինչեւ հունիսը աշխատել է բնականոն կերպով. դա են փաստում նաեւ ակումբի 2009 թ. վճարային տեղեկագրերի` Սերգեյի ձեռքի տակ եղած պատճենները, որոնցում նշված է նաեւ իր անունը:

Այսինքն` այստեղ գործել է նույն 111-րդ հոդվածի 5-րդ մասը. «Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, եւ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով»: Սերգեյի ծիծաղն են առաջացնում Անդրեասյանի պնդումները` աշխատանքի չներկայանալու մասին:

Մյուս կողմից հարց է ծագում. եթե թեկուզ ընդունենք, որ Սերգեյը հունվար-փետրվար ամիսներին աշխատանքի չի գնացել, այդ ինչպե՞ս է աշխատավարձ ստացել: Այս հարցի պատասխանը Անդրեասյանը տվել է հետագայում, երբ Բալայանցը դիմել է դատարան:

Այսպես` հայցադիմումի պատասխանում ակումբի գործադիր տնօրենը գրել է. «Ինչ վերաբերում է հայցվորի այն պնդմանը, որ գործատուից ստացել է 2009 թ. հունվար եւ փետրվար ամիսների աշխատավարձը, ապա դա տեղի է ունեցել գործատուի հաշվապահության թերության պատճառով, որի համար հաշվապահն ազատվել է աշխատանքից: Հայցվորն ակնհայտ անբարեխիղճ վարքագիծ է դրսեւորել` չներկայանալով աշխատանքի եւ գիտակցելով, որ իր աշխատանքային պայմանագիրը լուծված է, շարունակել է ստանալ աշխատավարձ»:

Իսկապես ծիծաղելի է: Ակնհայտ է, որ ակումբի ղեկավարությունն ինքն իրեն դրել է մի տեսակ անհարմար վիճակի մեջ:

Ի վերջո, Ս. Բալայանցը որոշել է դիմել Աշխատանքի պետական տեսչություն, որը ստուգումներ է սկսել ակումբում: Անդրեասյանը խնդրի առնչությամբ հայտնել է, թե իբր վերջնահաշվարկը վճարելիս մոտ 75.000 դրամ ավելի է տրվել Սերգեյին:

Ապացուցելու համար, որ Բալայանցը իրոք ազատվել է 2008-ի դեկտեմբերի 31-ին, Անդրեասյանը տեսչությանն է ներկայացրել ակումբի նախկին տնօրեն Ժան Թութարի ստորագրությամբ մի հրաման, որը թվագրված է 2008-ի դեկտեմբերի 15-ով:

Այս փաստաթղթին Սերգեյը ծանոթացել է միայն տեսչության ստուգումներից հետո` 2009-ի դեկտեմբերին, այնինչ ըստ ԱՕ 111-րդ հոդվածի 2-րդ մասի` «գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ»:

Հենց այս հրամանն է դարձել հետագա վեճի առանցքը: Սերգեյը պնդում է, որ հրամանը կեղծ է:

Ըստ նրա` երբ 2009-ի հունիսին Անդրեասյանը դարձել է գործադիր տնօրեն ու ցանկացել մայիսի 1-ով հեռացնել իրեն աշխատանքից, դիմել է 2009-ի առաջին ամիսներին գործադիր տնօրեն աշխատած Սիմոն Նաիրյանին, որ նա այդ ամսաթվով հրաման ստորագրի Սերգեյի ազատման մասին:

Նաիրյանը, ըստ Սերգեյի, չի համաձայնել, ու Անդրեասյանն էլ որոշել է Նաիրյանի նախորդի` Թութարի անունով հրաման գրել ու կեղծել է ստորագրությունը:

Սերգեյը փաստաթղթի պատճենը ցույց է տվել Թութարին, վերջինս ասել է, որ դա իրենը չէ, ու համաձայնել է օգնել Բալայանցին, սակայն շուտով հետ է կանգնել խոստումից:

Սերգեյը պատմում է, որ ձայնագրել է իրենց հեռախոսազրույցը, որում Թութարը խոստովանել է, որ իրեն հետ կանգնելու հորդոր է արել ակումբի շվեյցարահայ սեփականատերերից Վարդան Սիրմաքեշը:

2010-ի հունվարին Ս. Բալայանցը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան` 15.12.2008-ի հրամանը անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու եւ 2009-ի 10 ամիսների (մարտ-դեկտեմբեր) աշխատավարձը բռնագանձելու հայցով:
Իսկ Թութարի ստորագրության կեղծ լինելը հաստատելու համար նա դիմել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, սակայն այստեղ հայտնել են, որ անհրաժեշտ է ներկայացնել մեկից ավելի բնօրինակ, այնինչ Սերգեյի ձեռքի տակ կա միայն մեկը:

Դատավոր Սուրեն Ղազարյանը որպես լրացուցիչ ապացույց ակումբից պահանջել է ներկայացնել Թութարի ստորագրություններով փաստաթղթեր, սակայն դա արդյունք չի տվել:

Դատարանի որոշմամբ` գործին ներգրավվել է ԴԱՀԿ ծառայությունը: Սակայն ավագ հարկադիր կատարողներ Հ. Ղուկասյանն ու Գ. Սախոյանը (վերջինս փոխարինել է առաջինին) այդպես էլ անզոր են եղել կատարել դատարանի որոշումը` ակումբից պահանջել ու դատարան ներկայացնել Թութարի ստորագրությամբ փաստաթղթեր:

Անդրեասյանը նրանց տվել է միեւնույն պատասխանը. «Ուսումնասիրվել են ակումբում առկա բոլոր փաստաթղթերը, սակայն նախկին տնօրեն Ժան Թութարի ստորագրությամբ որեւէ փաստաթուղթ չի հայտնաբերվել»:

Սերգեյը, ակումբի վճարային տեղեկագրերի պատճենները ցույց տալով, ասում է, որ Ժան Թութարը գործադիր տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո էլ շարունակել է աշխատել ակումբում, բացի դրանից` նրա տնօրինության օրոք բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել, ուրեմն ինչպե՞ս կարող են նման թղթեր ակումբում չպահպանվել:

Հետաքրքիր է, որ ԴԱՀԿ-ի աշխատակիցներ Ղուկասյանն ու Սախոյանը նույնատիպ որոշումներ են ընդունել կատարողական վարույթն ավարտելու մասին, այնինչ, ինչպես ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին ուղղված իր բողոքում նշել է Բալայանցի փաստաբան Օլգա Սաֆարյանը, կատարողական վարույթն ավարտվում է, եթե ավարտվել են կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված գործողությունները:

Դատական հաջորդ նիստը նշանակված է 2011 թ. փետրվարի 7-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter