HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Դեռևս նման տեղեկություն չունեմ». Մարիա Զախարովան Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հնարավոր հանդիպման մասին

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ տեղեկություն չունի առաջիկայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին։ «Ես դեռևս նման տեղեկություն չունեմ: Եկեք այդ հարցը թողնենք ղեկավարներին և նրանց մամուլի ծառայություններին: Եթե իրենք նման տեղեկություն ունենան, կհայտնեն այդ մասին»,- հայտարարել է Զախարովան։ 

Խոսելով նոյեմբերի 9-ին Արցախում մարտական գործողությունների տարելիցի մասին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հաջորդ շաբաթ լայն անդրադարձ տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կապակցությամբ։ «Այժմ կարող եմ ասել, որ աշխատանքները շարունակվում են բոլոր ուղղություններով»,- նշել է ռուս դիվանագետը՝ հավելելով, որ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Խոսելով նաև առաջիկայում հնարավոր ստորագրվելիք փաստաթղթերի մասին՝ Զախարովան հայտարարել է, որ ևս տեղեկություններ չունի այդ մասին՝ ընդգծելով, որ առաջնորդներն իրենք կհայտնեն, եթե այդպիսի որոշում լինի։ «Ներկա պահին մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում արդեն իսկ ընդունված փաստաթղթերի իրականացման ուղղությամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովայի խոսքերով՝ ջանքեր են գործադրվում նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ: «Տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընցաթի մեկնարկին առնչվող խնդիրների համալիր լուծում: Եվ, իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,- նշել է Զախարովան։ 

Պատասխանելով Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի ստեղծման հանգամանքին, որն ավելի վաղ առաջ էին քաշել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Զախարովան հայտարարել է, որ դա կարող է նպաստել առկա խնդիրների լուծմանը։ «Մենք կողմ ենք Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջարկին տարածաշրջանային նմանօրինակ խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, որն անվանում են «3+3»։ Իհարկե, մենք այն կարծիքին ենք, որ եկել է ժամանակը այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու համար: Տարածաշրջանային բազմակողմանի համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա գործարկումը կնպաստի վստահության բարձրացմանը, միջպետական հարաբերություններին, առկա տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ներուժի բացահայտմանը»,- եզրափակել է Զախարովան։

Լուսանկարը՝ արխիվային/Մարիա Զախարովայի տելեգրամյան ալիքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter