
Ստեփանավանի նախկին քաղաքապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 1-ին բավարարել է Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Ըստ քրեական գործով մեղադրանքի՝ Սարգիս Ղարաքեշիշյանը 2004-2012 թթ. ընկած ժամանակահատվածում, առերևույթ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ զբոսայգի հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքից, պետական սեփականության անտառից, ինչպես նաև քաղաքապետարանի հողատարածքներից տարանջատման միջոցով առանձնացրել է հողամասեր և ապօրինի կերպով օտարել տարբեր անձանց, այդ թվում՝ մորաքրոջ տղային և իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը: Այնուհետև, գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձևականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից, ընդհանուր՝ 1,433 հա տարածքները 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով փոխանցել է իր հետ համատեղ բնակվող իր որդիներին:
Ղարաքեշիշյանը մասնակցել է իր կալանավորման միջնորդության քննությանը, այսինքն՝ այս փուլում վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվել, սակայն երբ դատարանը որոշել է կալանավորումը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարել, նրան արգելանքի վերցնել չի ստացվել, քանի որ գտնվելու վայրը հայտնի չէ:
Մեկնաբանել