HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում ու բարձր է գնահատում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2019 թվականից սկսվել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը միտված է հարաբերությունների հետագա զարգացմանն ու առաջմղմանը:

«Ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ կառավարության դերը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Վերջերս այս առումով արձանագրել ենք կոնկրետ արդյունք՝ ի դեմս Պարեկային ոստիկանության ստեղծման»,- ասել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել նաև ԱՄՆ դերը ընթացիկ տարվա հունիսին Ադրբեջանից 15 հայ գերիների վերադարձի գործում: Վարչապետը գոհունակությամբ է արձանագրել, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, Ադրբեջանում պահվող հայ գերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի ապահովմանը, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը, վերջերս Նյու-Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպումը և համանախագահների սպասվող այցը տարածաշրջան: Նիկոլ Փաշինյանը շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհրաժեշտությունը և նկատել, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետը: ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանային կոմունիկացիների բացման ու Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման հնարավորություններին՝ ներկայացնելով մեր երկրի հստակ դիրքորոշումները: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված կառավարության հետագա ծրագրերի ու քայլերի վերաբերյալ՝ շեշտելով, որ մեր երկիրը շարունակելու է հետևողականորեն ու հաստատակամ շարժվել ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը նշել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը: Միաժամանակ, նա ընդգծել է ժողովրդավարական բարեփոխումների գործում ՀՀ կառավարությանը շարունակական օժանդակություն ցուցաբերելու ամերիկյան կողմի շահագրգռվածությունը:

Մեկնաբանություններ (1)

Serop
Wow, not even the Assistant secretary, but the Deputy Assistant Secretary, US must really value the relationship, to send such a high ranking politician to Armenia, I am so relieved it was not the acting deputy assistant secretary. And again I say Armenia is a very cheap pawn that USA & Russia push around the board, we have no friends at all, and until we understand that maybe we will globally wake up

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter