
Ադրբեջանը մտադիր է Պակիստանից ձեռք բերել JF-17 կործանիչներ
Ադրբեջանը դիտարկում է Պակիստանից չորրորդ սերնդի JF-17 Thunder Block-III կործանիչների ձեռքբերման հարցը, որոնք համալրված են ռադիոտեղորոշման բարելավված համակարգով և նորագույն սպառազինությամբ։ Այդ մասին հայտնում է Daily Pakistan թերթը՝ հղում անելով Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանության իր աղբյուրին։
«Ադրբեջանի կողմից Պակիստանից JF-17 Thunder Block-III կործանիչների ձեռքբերումը հանդիսանում է երկկողմ ռազմական համագործակցության օրակարգի կարևորագույն հարցը»,- աղբյուրի խոսքերը մեջբերել է պարբերականը։
Ներկայումս Բաքուն պատրաստվում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը, որի շրջանակներում նախատեսում է ձեռքբերել նոր կործանիչներ։ Պարբերականը գրում է, որ բացի պակիստանյան զինտեխնիկայից, Ադրբեջանը դիտարկում է նաև ռուսական МиГ-35 և Су-35 կործանիչների գնման հարցը։
Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն ու Իսլամաբադը համաձայնության էին ասել JF-17 ռազմական ինքնաթիռների վաճառքի շուրջ, սակայն այդ փաստաթուղթն մինչ օրս ստորագրված չէ։
2022 թվականին Պակիստանը 12 JF-17 կործանիչ կմատակարարի Արգենտինայի ռազմաօդային ուժերին։ 17 ինքնաթիռներից բաղկացած խմբաքանակ էլ առաջիկայում ձեռք կբերի Իրանը։
JF-17-ը (Joint Fighter-17) չին-պակիստանյան համատեղ մշակման կործանիչ է, որը ստեղծվել է չինական Chengdu FC-1 Xiaolong ինքնաթիռի բազայի հիման վրա։ Պակիստանի ֆինանսական աջակցությամբ JF-17 կործանիչն ստեղծվել է չինական CAC (Chengdu Aircraft Corporation) ընկերության կողմից՝ 1990-ական թվականների վերջին և 2000-ական թվականների սկզբին։ 2009 թվականից այդ երկու երկրներն զբաղվում են կործանիչների սերիական արտադրությամբ։
Լուսանկարը՝ aviacionline.com-ից
Մեկնաբանել