
ԱՄՆ-ում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին
ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոններին (CDC) պաշտոնապես թույլատրվել է Pfizer-BioNTech-ի մանկական պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ԱՄՆ առողջապահության նախարարության պաշտոնական կայք էջին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ CDC-ի տնօրեն Ռոշել Վալենսկին ստորագրել է CDC-ի իմունացման հարցերով խորհրդատվական կոմիտեի (AGIP) առաջարկությունը, որով նախատեսվում է Pfizer-BioNTech-ի մանկական պատվաստանյութի միջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին։
Ենթադրվում է, որ 5-11 տարեկան երեխաների պատվաստումը, 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի մարտ ամիսներին, 8 %-ով կկրճատի ԱՄՆ-ում COVID-19-ի փոխանցումը։
Պատվաստանյութը կներարկվի երկու դեղաչափով՝ 10-ական մկգ, ինչը կազմում է պատվաստանյութի այն քանակի մեկ երրորդը, որն ստանում են 12 տարեկանից բարձր մարդիկ։ Երկրորդ դեղաչափը կներարկվի առաջինից երեք շաբաթ հետո։ Դրանք կմատակարարվեն առանձին փաթեթավորմամբ և կներարկվեն մանկական հատուկ ասեղների միջոցով։
CDC-ի տվյալներով՝ 5-11 տարեկան 1,9 միլիոն երեխա վարակված է եղել COVID-19-ով։ Ինչպես նշվում է CDC-ի կայք էջում, ԱՄՆ-ում երեխաների պատվաստման որոշումը պայմանավորված է նրանով, որ պատվաստանյութը, այդ տարիքային խմբի երեխաների շրջանում, ունեցել է հիվանդացության կանխարգելման 90,7 տոկոս արդյունավետություն։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել