HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ. բացահայտվել է զինծառայողի հարազատից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Երևանի քաղաքային վարչությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ  Հ. Մ-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս մորը հայտնել է, թե իբր արտերկրում, մասնավորապես՝ Չեչենական Հանրապետությունում և Սիրիայի Հանրապետությունում ունեցած հեղինակավոր կապերն օգտագործելով, կարող է միջոցներ ձեռնարկել անհետ կորած որդու հայտնաբերման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ուղղությամբ` այդ կերպ ձեռք բերելով նրա վստահությունը: 

«Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ մոր հետ հետագա հանդիպումների ժամանակ Հ. Մ-ն, մոլորեցնելով վերջինիս, նախ որդու գտնվելու տեղի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ստանալու, իսկ այնուհետև, նրան իբր Ադրբեջանի Հանրապետության բերդերից մեկից Բաքու քաղաք տեղափոխելու պատրվակով, 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին անհետ կորած զինծառայողի մորից մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.430.000 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար ու 60.000 ՀՀ դրամ և, խաբեությամբ հափշտակելով նշված գումարը, օգտագործել անձնական կարիքների համար: 

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Հ. Մ-ն ձերբակալվել է: Նախաքննությամբ ձեռք բերված հիմնավոր ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, և որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Օրենքով սահմանված կարգով մեղքը հաստատվելու դեպքում Հ. Մ-ին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում: 

Քրեական գործի քննության ներկա փուլում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հիշյալ անձի կողմից նմանատիպ եղանակով կատարված հնարավոր այլ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ հանցավոր հակումներ ունեցող անձանց հետ կասկածելի գործարքների մեջ մտնելուց՝ վստահեցնելով, որ պետությունը շարունակում է ձեռնարկել գործուն միջոցներ՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter