HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Գործատուն կկարողանա լուծել պայմանագիրը, եթե աշխատողը չներկայացնի քովիդ թեստի արդյունքը կամ պատվաստման սերտիֆիկատը

Գործատուն այսուհետ կկարողանա միակողմանիորեն լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, չթույլատրել ներկայանալ աշխատանքի, եթե աշխատողը չներկայացնի կորոնավիրուսային հիվանդության բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթը, պատվաստման սերտիֆիկատը կամ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը։ Որպես աշխատանքի չթույլատրման հիմք սահմանվում է սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերի բացակայությունը։

Կառավարությունը նոյեմբերի 4-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենս­գրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառա­յության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Այն կներկայացվի նաև Ազգային ժողովի քննարկմանը։

Ըստ գործադիրի՝ օրենքի առաջարկվող կարգավորումների գործողությունը տարածվելու է հանրային ծառայությունն ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։

«Հատկանշական է, որ առաջարկվող կարգավորումներով աշխատողներին և հանրային իշխանության մարմիններում ծառայողներին հնարավորություն է տրվում ողջամիտ ժամկետում փոխել իրենց վարքագիծը՝ նախագծերով նախատեսված անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար։

Վերը նշված պայմանը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում միայն սահմանվում է աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման հիմք, իսկ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի լիազորությունները պետք է դադարեցվեն կամ նրանք զբաղեցրած պաշտոնից ազատվեն։ Մասնավորապես, եթե անձն իր աշխատանքային պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում` ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) չի կատարել իր աշխատանքային պարտականությունները: Ընդ որում, չպետք է հաշվարկվեն այն ժամկետները, երբ անձը այսպես թե այնպես չպետք է ներկայանար աշխատանքի, օրինակ՝ գտնվել է արձակուրդում, ժամանակավոր աշխատունակության կամ գործուղման մեջ»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Մի շարք հանրային պաշտոնների դեպքում սահմանվել է այս կարգավորումների կիրառումից բացառություն՝ այն հիմնավորմամբ, որ այդ ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կա՛մ ընտրովի է, կա՛մ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում, կամ էլ, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում է պաշտոնում կամ ազատում է պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter