HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Բուդը սեղանին պահել 6 ժամ, չխառնել սունկն ու ալկոհոլը

«Պետք է ուշադրություն դարձնել վաճառվող սննդի պահպանման ժամկետներին, պատահական վայրերից մթերք չգնել, հատկապես` սունկ, պահածո, մսամթերք»,- այսօրվա ասուլիսում խորհուրդ տվեց առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը:

Նոր տարուն պետք չէ խառնել ալկոհոլը հատկապես սնկերի հետ, ուտել սահմանափակ քանակությամբ, շատ չծանրաբեռնել աղեստամոքսային համակարգը: Մասնագետը նշում է, որ աղցանները սառնարաննային պայմաններում կարելի է պահել մինչեւ 24 ժամ, իսկ թթվասեր եւ մայոնեզ դրանց վրա պետք է լցնել միայն մատուցելուց առաջ, քանի որ կաթնամթերքը միկրոօրգանիզմների զարգացման համար պարարտ միջավայր է: Ալկոհոլը, սունկը, ոչխարի միսն իրենց մեջ ունեն ալերգիկ բաղադրանյութեր, որոնք կարող են գրգռել ստամոքսը, եւ դրանց համադրումը վտանգավոր է: Կաթնամթերքը սնկերի հետ: Ըստ Լ. Հունանյանի` մեծ նշանակություն ունի նաեւ օրգանիզմի ընկալունակությունը այս կամ այն մթերքի նկատմամբ:

Մասնագետի փոխանցմամբ` 2010-ին գրանցվել է սնկերից թունավորման 18 դեպք, եղել է 32 տուժած, 4 մահվան դեպք, բոտուլիզմով թունավորման` 12 դեպք, 19 տուժած, մահ չկա: Հիմնականում թունավորվում են պահածոներից: Բանախոսը խորհուրդ է տալիս պահածոներն օգատագործելուց առաջ պարտադիր 20-25 րոպե եռացնել, որպեսզի բոտուլիզմի հարուցիչները վերանան, նաեւ խորհուրդ չի տրվում օգտագործել տնային պայմաններում պատրաստված «բանկաները»` մարինատներ, թթուներ:

«Եթե պահածոն «բանկայի» մեջ է` հերմետիկ ստերիլիզացված է, բոտուլիզմի հարուցիչն այդտեղ զարգանալու հնարավորություն ունի: Արտադրություններում այդ հարուցիչը ոչնչանում է բարձր ճնշման տակ, 120 ջերմաստիճանի պայմաններում, իսկ տանն անհնար է այս ամենը: Մթերքի սառեցման տարբերակը անվտանգ է բոտուլիզմով չհիվանդանալու համար»,- ասում է Լիլիթ Հունանյանը:

Նա նշում է, որ Նոր տարուն խոզի բուդը մատուցելուց առաջ պետք է տաքացնել: Սեղանի վրա այն կարող է մնալ մինչեւ 6 ժամ, իսկ սառնարանում` մինչեւ 3 օր: Կրեմային հրուշակեղենի սառնարային պահպանման ժամկետն էլ 24-72 ժամ է:

Թունավորվելու դեպքում բանախոսը խորհուրդ է տալիս անպայման դիմել բժշկի: Թունավորման ախտանշաններն են սրտխառնոցը, ցավերը որովայնում, գլխապտույտը: Այս տարի Հայաստանում սննդային թունավորման բռնկումների 4 դեպք է գրանցվել Շիրակում, Լոռիում, Երեւանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter