HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Միջպետական և հանրապետական ճանապարհների հսկողության նոր էլեկտրոնային համակարգ կներդրվի

Հայաստանի կառավարությունն առաջարկում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հսկողության նոր էլեկտրոնային համակարգ ներդնել։ Այս մասին Կառավարության նոյեմբերի 4-ի նիստում հայտնեց Տարածքային կառավարության և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Հաշվի առնելով, որ սա նորույթ է, այս հավելվածով աշխատելու համար առաջարկում ենք սա կիրառել 2023-ի հունվարի 1-ից, բայց այս տարի կսկսենք որոշ կազմակերպությունների հետ փորձնական կիրառել»,- նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Սանոսյանը։

Ըստ նախարարի՝ որոշման նախագծի երկրորդ մասով առաջարկվում է լրացուցիչ պահանջներ սահմանել սպասարկող կազմակերպությունների մեքենասարքավորումների նկատմամբ։ Խոսքը սարքավորումների քանակի մասին է․ «Նախորդ օրենքում կա կմ-ների վերաբերյալ հատված, թե յուրաքանչյուր կմ-ի համար ընկերությունը քանի մեքենա պիտի ունենա։ Եթե 50 կմ-ի համար մեկ գրեյդեր էր պահանջվում սպասարկվող կազմակերպություններից, հիմա յուրաքանչյուր 40 կմ-ի համար՝ մեկ տեխնիկա, որպեսզի կարողանա արագ, որակով սպասարկել։ Վերջապես ուզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից հրաժարվել և ներդնել մեքենաներ, որոնք մի կողմից մաքրում են, մյուս կողմից աղ ու ավազ են շաղ տալիս»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ մյուս կարևոր պահանջն այն է, որ ընկերության մեքենապարկի 70%-ը սեփական մեքենաներով համալրված լինի։

«Երրորդը, որ նախատեսվում է, նորից անվտանգության բարելավմանն է վերաբերում։ Հաշվի առնելով, որ ֆինանսական միջոցներն ավելացնում ենք, ի սկզբանե պահանջ ենք դնում, որ եթե սպասարկող ընկերության տարածքում լրացուցիչ աշխատանքների, կահավորման կարիք առաջանա, ապա մենք այլևս լրացուցիչ չենք ֆինանսավորի։

Հաշվի առնելով, որ այս ոլորտում գները հաշվարկված են 2010-ի գներով, իսկ այժմ որոշակի փոփոխություններ են եղել, մյուս կողմից մենք պահանջները խստացրել ենք, առաջարկվում է 1 կմ-ի համար կիրառվող գնի համար կիրառել 1,3 գործակից, այսինքն՝ ֆինանսավորումն ավելացնել, որպեսզի կազմակերպությունները պահանջները բավարարեն և որակյալ սպասարկում իրականացնեն»։

Վարչապետը հարցրեց՝ արդյոք ճիշտ հասկացան, որ հիմա Կառավարությունը մարդկանց խոստանում է, որ այլևս մայրուղիների վրա թափքից բահով ավազ ցանող մարդկանց և մեքենաներ չենք տեսնի։

Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ այս ոլորտում մրցույթները հինգ տարին մեկ են նախատեսված, իսկ այս տարի այդ ժամկետն ավարտվում է․ «Այս որոշումն ընդունելուց հետո՝ նոյեմբեր-դեկտեմբերին, մրցույթներ կանցկացնենք, դրա արդյունքում այս պահանջները դրվելու են, որոշ դեպքերում միգուցե մի քանի ամիս ժամկետ ունենանք, որպեսզի իրենք պարկը լրացնեն, բայց մեծ մասում՝ հատկապես հանրապետական, միջպետական ճանապարհներին, դա չենք տեսնի այլևս»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter