
Նախարարությունը քննարկում է արցախցիներին Խնայբանկի ավանդատուների փոխհատուցման ծրագրում ներառելու հարցը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում է արցախցիներին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու հարցը:
«Քննարկում ենք այս ծրագրի շահառու դարձնելու Արցախի մեր հայրենակիցներին, որոնք Խնայբանկում ավանդներ ունեն: Դա գտնվում է քննարկման փուլում»,- 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Մկրտչյանը խոսեց «ՎՏԲ Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող և նախկինում ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման ծրագրի մասին: Նախարարի ներկայացմամբ՝ 2020 թվականի փաստացի ծախսը կազմել է 1 մլրդ 211 մլն 864 հազար դրամ՝ 5878 շահառուի համար:
«2021-ի պետբյուջեով այս նպատակով հատկացվել է 1 մլրդ 212 մլն դրամ՝ 8125 շահառուի համար: 2022-ի համար նախատեսվում է 1 մլրդ 515 մլն դրամ, որի շրջանակում փոխհատուցում կտրամադրվի շուրջ 7900 շահառուի»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:
2022-ից ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք կստանան նաև մինչև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված ավանդատուները: Այժմ նման իրավունք տրված էր մինչ 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածներին:
Մեկնաբանել