
«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում պարզվել են «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա:
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերոհիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը, 2014թ. սեպտեմբերի 9-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, կազմակերպության մի շարք աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ և կազմակերպել ակնհայտ կեղծ գրառումների կատարման գործընթաց. հատկապես որոշ ուսանողների կողմից ուսումնական և քննական պրոցեսին մասնակից չլինելու պարագայում, այդ մասին համապատասխան նշումներ չկատարելով, ստուգման գրքույկներում և դասամատյաններում նշանակվել են գնահատականներ՝ իրավական հիմքեր ստեղծելով նրանց կազմակերպությունից չհեռացնելու համար: Ավելին, քննական շրջանը բարեհաջող ավարտելու վերաբերյալ կեղծ հիմքեր ստեղծելով, ավարտին հասցնելով իր հանցավոր մտադրությունը՝ այդ ուսանողներին ուսման բնականոն ժամկետում տրամադրել է դիպլոմներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,-նշված է ՔԿ հայտարարությամ մեջ։
Նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանել