
ՔԿՀ-ներում պատվաստումների ցուցանիշը ցածր է. առաջին դատապարտյալն է մահացել COVID-19-ից
Հայաստանում անազատության մեջ գտնվող առաջին մարդն է մահացել Covid-19-ից: «Արմավիր» ՔԿՀ_ի դատապարտյալի ՊՇՌ թեստի պատասխանը ստացել են հոկտեմբերի 31-ին: Հաջորդ օրը դատապարտյալը «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նոյեմբերի 3-ին՝ ժամը 00:45-ին, մահացել է:
«Ամեն ինչ ձեռնարկել ենք, ժամանակին հայտնաբերել, տեղափոխել ենք հիվանդանոց, բայց ցավոք չկարողացան կյանքը փրկել: 2020թ-ից մինչ այդ դեպքը, փառք ու պատիվ մեր բժիշկներին, որ քաղաքացիական սեկտորի այդքան մահերի մեջ, քրեակատարողական հիմնարկներում դեպք չենք ունեցել: Ցավոք, առաջին մահն ունեցանք»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բուժսպասարկման բաժնի պետ Նառա Բաբայանը:
Թեև կորոնավիրուսի դեպքեր կան քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում նաև աշխատակիցների շրջանում, սակայն ազատազրկվածների շրջանում պատվաստումների ցուցանիշը բավականին ցածր է:
ՔԿՀ աշխատակիցները պատվաստվում են: Այդ ցուցանիշի վրա ազդում է նաև չպատվաստվելու դեպքում 14 օրը մեկ Covid-19-ի թեստ հանձնելու պահանջը, ինչը նաև ֆինանսական դժվարություն է առաջացնում: Սակայն, նույն պահանջը չի տարածվում անազատության մեջ գտնվող անձանց վրա, որն էլ դրսևորվում է պատվաստումների ցածր ցուցանիշով:
2021թ. նոյեմբերի 1-ի դրությամբ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվում է 570 կալանավոր և 227 դատապարտյալ: Այդ անձանցից պատվաստվել է համապատասխանաբար 10-ը և 14-ը: «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվող 77 կալանավորված անձից ոչ մեկը չի պատվաստվել, նույնը նաև 68 դատապարտյալի դեպքում:
Նշված ժամանակահատվածում չի պատվաստվել նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի 64, «Գորիս»-ի 29 կալանավորված անձից և ոչ մեկը: Պատվաստման զրո ցուցանիշ է արձանագրվել նաև «Երևան-Կենտրոն», «Գորիս», «Սևան», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների մասով:
Նոյեմբերի 3-ի դրությամբ 7 քրեակատարողական հիմնարկի 12 աշխատակցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Ամենաշատը վարակվել են «Կոշ» ՔԿՀ-ում՝ 4 աշխատակից: Վերջիններիս շրջանում վարակվածության դեպքեր չեն արձանագրվել միայն «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Սևան», «Հրազդան» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում: Մնացած ՔԿՀ-ներում վարակվածության 1-2 դեպք է արձանագրվել:
Թե քանի դատապարտյալի և կալանավորված անձի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, ՊՈԱԿ-ից խոստացան տվյալներ փոխանցել ավելի ուշ:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բուժսպասարկման բաժնի պետ Նառա Բաբայանն ասաց, որ ՊՈԱԿ-ը պատվաստումներով չի զբաղվում, և իրենք որևէ պատվաստանյութ չունեն, քանի որ պատվաստում իրականացնելու թույլտվություն էլ չունեն:
«Մենք կազմակերպում ենք անազատության մեջ գտնվող անձանց պատվաստումը՝ իրենց հիմնարկին մոտ գտնվող պոլիկլինիկայում: Բոլոր ազատազրկված անձինք ունեն կցագրում՝ իրենց ազատազրկման վայրին մոտ գտնվող պոլիկլինիկայում: Մենք ընդամենը կազմակերպում ենք, իրենք պոլիկլինիկայի ծառայության միջոցով ստանում են պատվաստումը»,- ասում է Նառա Բաբայանը:
Բաժնի պետի խոսքերով՝ կամ ազատազրկված անձին են տեղափոխում պոլիկլինիկա պատվաստում ստանալու համար, կամ պոլիկլինիկայից են հրավիրում մասնագետի, որը գալիս է քրեակատարողական հիմնարկ՝ ազատազրկված անձի ցանկացած պատվաստանյութով պատվաստում իրականացնելու:
Ինչ վերաբերում է անազատության մեջ գտնվող անձանց շրջանակում պատվաստվածների թվի ցածր ցուցանիշին, Նառա Բաբայանն ասաց, որ լուսավորչական գործունեություն իրականացրել են բոլոր քրեակատարողական հիմնարկներում, բոլորը տեղեկացված են հարուցիչի, հիվանդության և պատվաստումների մասին: Սակայն, օրենքով որևէ լծակ չունեն անձին պարտադրելու, որ նա պատվաստվի:«Անազատության մեջ գտնվող անձը պետք է գրավոր դիմի, որ պատվաստվելու ցանկություն ունի, ինչից հետո մենք կազմակերպում ենք: Քարոզչությունն իրականացնում ենք, որպես բժիշկ, բոլորին հորդորում ենք, որ պատվաստումը ճիշտ է և անհրաժեշտ, բայց ընտրությունն ու ցանկությունը մնում է ազատազրկված անձին: Այնպես չէ, որ, օրինակ՝ 30 հոգի ցանկացել է պատվաստվել, մենք 10-ի դեպքում ենք կազմակերպել»,- ասում է Բուժսպասարկման բաժնի պետը:
Մեկնաբանել