
Բեռլինում հայտնաբերվել է ռուս դիվանագետի դի. նա կարող է լինել ռուս բարձրաստիճան պաշտոնյայի որդի
Բեռլինում Ռուսաստանի դեսպանության մոտ հոկտեմբերի 19-ին ժամը 07:20-ի սահմաններում Բեռլինի ոստիկանությունը հայտնաբերել է ռուս դիվանագետի դի։ Շտապ օգնության ծառայությունները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Այդ մասին հայտնել է Der Spiegel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Դեպքի մասին հայտնի է դարձել միայն նոյեմբերի 5-ին։
Պարբերականի տվյալներով՝ տղամարդը «կարող էր ընկնել» Բեռլինի Միտե շրջանի Բերենշտրասե փողոցում գտնվող ռուսական դեսպանության վերին հարկից։ 35-ամյա տղամարդը, համաձայն պաշտոնական դիվանագիտական ցանկի, Բեռլինում հավատարմագրված է եղել 2019 թվականի ամառվանից՝ որպես դեսպանության երկրորդ քարտուղար։ Գերմանական անվտանգության ծառայությունները, Der Spiegel-ի տվյալներով, նրան համարում էին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ոչ պաշտոնական աշխատակից։
Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը հաստատել է ռուսական դեսպանության աշխատակցի մահվան փաստը, սակայն հավելել, որ չի կարող ներկայացնել որևէ մանրամասն։ Der Spiegel-ը գրում է, որ Գերմանիայի տարածքում հետաքննություն կամ դիահերձում չի իրականացվել, քանի որ ռուսական դեսպանությունը, հաջորդ օրը, մարմինն ուղարկել է Ռուսաստան։
The Insider և Bellingcat առցանց պարբերականների տվյալներով՝ մահացած դիվանագետը Կիրիլ Ժալոն է՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանադրական կարգի պաշտպանության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ժալոյի որդին։ Այդ վարչությունը մտնում է ՌԴ ԱԴԾ երկրորդ ծառայության մեջ (սահմանադրական կարգի պաշտպանություն և ահաբեկչության դեմ պայքար) և հետաքննող լրագրողների կարծիքով, կապ ունի ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու, լրագրողներ Դմիտրի Բիկովի և Վլադիմիր Կարա Մուրզայի թունավորման հետ։
The Insider-ը, վերլուծելով Google-ի քեշի տվյալները, պարզել է, որ Ժալոն Գերմանիայի ԱԳՆ դիվանագիտական ցանկից հեռացվել է 2021 թվականի նոյեմբերի 1-4-ն ընկած ժամանակահատվածում։
Գլխավոր լուսանկարում Կիրիլ Ժալոն է։
Լուսանկարը՝ The Insider-ից
Մեկնաբանել