
Պարենի համաշխարհային գները տասնամյա ռեկորդ են սահմանել
2021 թվականի հոկտեմբերին պարենի համաշխարհային գները հասել են վերջին տասը տարվա առավելագույն ցուցանիշին: Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։
Հոկտեմբերի արդյունքներով՝ կազմակերպության կողմից հաշվարկվող պարենային գների ինդեքսը, որը ներառում է առավել մեծ պահանջարկ ունեցող սննդամթերքները, հասել է 133,2 կետի։ Վերջին անգամ ցուցանիշը 130 կետը գերազանցել էր 2011 թվականին։
Վերջին մեկ ամսվա ընթացքում պարենի գներն աճել են 3,9 %-ով։ Այս թանկացումն առաջին հերթին պայմանավորված է արմավենու, սոյայի, արևածաղկի ձեթի թանկացմամբ։ Մասնավորապես, արմավենու յուղը թանկացել է չորրորդ ամիսն անընդմեջ։ Սա հիմնականում պայմանավորված է Մալայզիայում արտադրության ցածր ծավալների հետ, քանի որ այնտեղ աշխատանքային միգրանտների պակաս կա:
Պարենամթերքի գների հետևողական աճը շարունակվում է 2020 թվականի կեսերից: Անցած 12 ամիսների ընթացքում պարենային գների ինդեքսն աճել է ավելի քան 30 %-ով։
Լուսանկարը՝ Muse Mohammed/UN Migration Agency
Մեկնաբանել