HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մինսկի խմբի դերի ընդգծում, սահմանների սահմանազատում, տրանսպորտային կապերի ապաշրջափակում. ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությունը

Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերել։ Այդ մասին, ըստ TACC գործակալության, նշվում է ՌԴ Արտաքին գործերի նախարարության 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի առթիվ տարածված հայտարարության մեջ։

«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մեջ մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ազիմուտներում։ Մենք կողմ ենք միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը՝ տարածաշրջանային փոփոխված իրողությունների համարժեք հաշվառմամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է վստահորեն հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն այն մասին, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»:

«Նման հայտարարությունները պոպուլիստական ​​բնույթ են կրում, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ըստ այդ հայտարարության՝ Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, որը նախատեսում է հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։

«Մենք չկարողացանք համաձայնության գալ մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ, և դա նորմալ է: Փոխարենը արդեն հաստատված համաձայնությունը, կարելի է ասել, անցել է փորձությունը և արդյունավետ իրականացվում է գործնականում», – ընդգծել է դիվանագիտական ​​գերատեսչությունը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը՝ ՌԴ ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրվել է կարևոր դրույթ. տարածաշրջանում  տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակում։ <…> Մենք կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը սահմանազատման գործընթացի մեկնարկն է։ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնություն, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսել սահմանազատման հարուստ փորձը այլ երկրների հետ»,- նշված է հայտարարության մեջ։

Ռուս սահմանապահները ներկա են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում՝ կանխելու և ճնշելու կոնֆլիկտային իրավիճակները և կարգավորելու միջադեպերը։  Շուրջօրյա ռեժիմով կազմակերպված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը՝ տեղեկատվության փոխանակման նպատակով: Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի ընդհանուր իրադրության կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի առանցքային տարրերից մեկը դարձել է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:

ՌԴ ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Մոսկվան վճռական է շարունակելու եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա) գծով. «Վստահ ենք, որ այս ընդհանուր ճանաչված ձևաչափի ներուժը հեռու է սպառվելուց: Դրա վկայությունն է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին հանդիպումը։ Հանդիպման օրակարգը ներառում էր հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով»,- նշված է փաստաթղթում։

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է նաև երեք երկրների փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խմբին։ Ըստ այդ հայտարարության՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 8 նիստերի արդյունքներով ներկայացվել է զեկույց Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության վերականգնման երկաթուղային և ավտոմոբիլային կոնկրետ երթուղիների նկարագրությամբ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և լրացուցիչ ներդրումներ կներգրավի: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Ռուսաստանի և Հայաստանի համար այդ կապակցությամբ «Հյուսիս – Հարավ» միջազգային զարկերակի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս: 

«Պակաս կարևոր չէ, հատկապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ լրատվամիջոցներում շրջանառվող քննարկումների լույսի ներքո, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»,- նշվում է հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ Сергей Бобылев / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter