HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար: 

ԵՊՀ հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 1 նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝ ՀԽ նախագահի, քարտուղարի և ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթի չեղարկում, ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխություն և ռեկտորի ընտրության նոր մրցույթի հայտարարում:

«Նիստը սկզբում նախագահեց խորհրդի ամենատարեց անդամը՝ «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանը, իսկ քարտուղարի պարտականություններն իրականացրեց ամենաերիտասարդ անդամը՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Գոռ Օհանյանը:

Նախքան նիստի ներկայացված օրակարգի հաստատումը հնչեցին նոր հարցեր ներառելու վերաբերյալ առաջարկներ, որոնք քննարկման արդյունքում չընդունվեցին: Նախապես ներկայացված օրակարգը հաստատելուց հետո Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց նախագահի ընտրության հարցը: Առաջադրվեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի թեկնածությունը:

Սուրեն Պապիկյանն ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան, ապա սովորել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում: Աշխատանքային գործունեության ընթացքում եղել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ապա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ 2021 թ. օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

Նա իր ելույթում նշեց, որ կարող է և պատրաստ է իր ներդրումն ունենալ համալսարանի զարգացման գործում՝ փաստելով, որ իր համար մեծագույն պատիվ է ստանձնել այս պաշտոնը: Պատասխանելով ՀԽ անդամների հնչեցրած բոլոր հարցերին՝ Սուրեն Պապիկյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց քարտուղարի ընտրության հարցը: Առաջադրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի թեկնածությունը: 

Եղիշե Կիրակոսյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, սովորել Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթս համալսարանում, միջազգային իրավունքի դասընթացներ անցել Մեդֆորդում և Մասաչուսեթսում, ստացել մագիստրոսի կոչումներ Ջորջթաունի, Սթենֆորդի համալսարաններում:

Իր ելույթի ընթացքում Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ ուրախությամբ պատրաստ է ստանձնել այս պաշտոնը և հույս հայտնեց, որ իր կրթությամբ և փորձառությամբ կնպաստի համալսարանի վարկանիշի բարձրացմանը և միջազգային ճանաչելիությանը, քանի որ ԵՊՀ-ն ունի այդ ներուժը: Պատասխանելով հարցերին՝ Եղիշե Կիրակոսյանն ընտրվեց ՀԽ քարտուղար:

Այնուհետև օրակարգային հարցերի շրջանակում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ:

Ըստ այդմ՝ որոշվեց, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին»,- ասված է տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter