HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրաքի վարչապետի նստավայրի վրա դրոններով հարձակում է եղել

Պայթուցիկ սարքերով զինված դրոնները նոյեմբերի 7-ի գիշերը հարձակվել են Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Քադիմիի նստավայրի վրա։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Իրաքի բանակին։ Ինքը՝ վարչապետը չի տուժել, սակայն վիրավորվել են նրա թիկնապահները։ 

Ինչպես հայտարարել են իրաքցի զինվորականները, վարչապետի վրա հարձակումն իրականացվել է դրոնների միջոցով։ Ըստ վերջին տվյալների՝ դրանք երեքն են եղել։ 

Ալ Քադիմին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ ողջ և առողջ է։ «Ես լավ եմ, փառք Ալլահին, և ես, հանուն Իրաքի, բոլորին հանգստության և զսպվածության կոչ եմ անում»,- նշվում է գրառման մեջ։ Մի քանի ժամ անց նա Twitter-ում տեսաուղերձ է հրապարակել։

Իրաքի Շաֆաք գործակալությունը, հղում անելով հատուկ ծառայություններում իր աղբյուրին, հայտնում է, որ հարձակման արդյունքում վիրավորվել են վարչապետի երեք թիկնապահները։ Իրաքի կառավարության ներկայացուցիչներն էլ Reuters գործակալությանը հաստատել են, որ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել առնվազն մեկ պայթյուն, և որ վարչապետի մոտ ամեն ինչ կարգին է։ Գործակալությունն աղբյուրների անունները չի նշում։ 

Բաղդադի խիստ վերահսկվող «կանաչ գոտում» գտնվում են կառավարական շենքերն ու օտարերկրյա դեսպանությունները։ Այդտեղ բնակվող դիվանագետները Reuters-ին հայտնել են, որ լսել են պայթյունների և հրաձգության ձայներ։ Դեռևս որևէ մեկը չի ստանձնել ենթադրյալ հարձակման պատասխանատվությունը։ 

Վերջին շաբաթներին խիստ լարված է Իրաքի ներքաղաքական կյանքը, ինչը պայմանավորված է հոկտեմբերի 10-ին կայացած խորհրդարանական ընտրություններով։ «Ֆաթհ» դաշինքը, որն իրանամետ զինված խմբավորումների քաղաքական թևն է, նախնական տվյալներով այդ ընտրությունների ժամանակ ստացել է 329 մանդատներից ընդամենը 15-ը։ Մինչ այդ նրանք 48 մանդատ ունեին խորհրդարանում։ Դաշինքի անդամները իշխանությանը, Մուսթաֆա ալ Քադիմիի գլխավորությամբ, մեղադրել էին ընտրությունների արդյունքների կեղծման մեջ և միավորման հարյուրավոր կողմնակիցներ սկսել էին բողոքի ցույցեր անցկացնել «Կանաչ գոտու» մոտ։ 

Ուրբաթ՝ նոյեմբերի 7-ին, Բաղդադում բախումներ էին եղել ցուցարարների և ոստիկանության միջև, որի արդյունքում մեկ ցուցարար զոհվել էր, իսկ երկու կողմերից շուրջ 125 մարդ՝ վիրավորվել։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն առաջիկա շաբաթներին։

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը Իրաքի վարչապետի վրա հարձակումն անվանել է «ակնհայտ ահաբեկչական գործողություն»։

«Մենք ուրախությամբ իմացանք, որ վարչապետն անվնաս է մնացել։ Այդ ակնհայտ ահաբեկչական գործողությունը, որը մենք վճռականորեն դատապարտում ենք, հարված էր ուղղված Իրաքի պետության սրտին»,- հայտարարել է Նեդ Փրայսը։ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է Իրաքի հատուկ ծառայությունների հետ և իր օգնությունն է առաջարկել հետաքննության հարցում։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter