
Վահե Հակոբյանի «666»-ը. 6-ական շենք-շինություն, հողամաս եւ ավտոմեքենա
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պայքարում է 4 թեկնածու` ՀՀԿ-ի կողմից գործող պատգամավոր Վահե Հակոբյանը, ՀՅԴ-ից` պատգամավոր Գագիկ Գեւորգյանը եւ անկուսակցականներ Դավիթ Մաթեւոսյանն ու Նարինե Մովսիսյանը:
Ուսումնասիրելով թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողով ներկայացրած նշված թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, ակնհայտ է դառնում, որ հանրապետական թեկնածուի գույքն ու եկամուտը մի քանի անգամ գերազանցում է մյուս երեք թեկնածուների հայտարարագրերում նշված եկամուտի չափը:
ՀՀԿ. Վահե Հակոբյան. Իրեն գործարար չհամարող Վահե Հակոբյանը միայն Երեւան քաղաքում ունի 3 բնակարան, Երեւանում եւ մարզերում՝ 6 շենք-շինություն, 6 հողամաս:
Պատգամավորը հայտարարագրել է 6 ավտոմեքենա, որոնցից 3-ը 2011թ. արտադրության: Վահե Հակոբյանն ունի «Գազ 3102», «Մերսեդես G500», «Տոյոտա Քեմրի», «Պորշ Panameria», «Պորշ Cayene», «Ֆոլցվագեն Golf» մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչ վերաբերում է դրամական եկամուտներին, Վահե Հակոբյանը վերջին մեկ տարվա ընթացքում ԱԺ-ից ստացել է 3 մլն 135 հազ. 310 դրամ աշխատավարձ, «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ից ստացել է 1 միլիարդ, 175 միլիոն դրամ շահաբաժին, իսկ «Նիաշ» ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը կազմում է 180 միլիոն դրամ: Վահե Հակոբյանը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից վերջին մեկ տարվա ընթացքում ստացել է 41 միլիոն 242 հազար 193 դրամ, իսկ «ԱԿԲԱ Կրեդիտ ԱգրիկոլԲանկ» ՓԲԸ-ից` 15 միլիոն 787 հազար դրամ: Պատգամավորը որպես եկամուտ նշել է նաեւ «Նիաշ» ՍՊԸ-ից ստացած փոխառությունը` 10 միլիոն դրամ:
Մարտի 1-ի դրությամբ Վահե Հակոբյանն ունեցել է 1 միլիարդ 270 միլիոն դրամ:
Նշենք, որ 2009թ. Վահե Հակոբյանի եկամուտը կազմում էր 1 մլրդ 664 մլն 283 հազար դրամ:
ՀՅԴ. Գագիկ Գեւորգյան. Ընդդիմադիր պատգամավորը երկու բնակարան է հայտարարագրել Կապան քաղաքում, եւ 1000 քմ մակերոսով հողամաս` Սյունիքի մարզի Խալաջ գյուղում:
Գագիկ Գեւորգյանն ունի 5 ավտոմեքենա` երկու «Վազ 2121», «Ֆոլցվագեն Տուարեգ», «Կամազ» եւ «Մազ Կռան»:
ՀՅԴ-ական պատգամավորը որպես եկամուտի աղբյուր հայտարարագրել է ԱԺ-ից ստացած աշխատավարձը` 3 մլն 135 հազ. 310 դրամ, սակայն մարտի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարին եղել է 8 միլիոն դրամ եւ 6 հազար դոլար:
Դավիթ Մաթեւոսյան. Հայ ազգային կոնգրեսի թեկնածուն հայտարարագրել է Երեւան քաղաքում մեկ բնակարան եւ 0.6 հա հողամաս Կարճեւան գյուղում: Դավիթ Մաթեւոսյանին է պատկանում «Մերսեդես Բենց C180» եւ «Տոյոտա Պաջերո IO» մակնիշի ավտոմեքենաների սեփականության իրավունքը:
Դավիթ Մաթեւոսյանը «Քյու-Հաշ» ՍՊԸ-ի տնօրենն է: Այդ ընկերությունից վերջին մեկ տարվա ընթացքում Դ. Մաթեւոսյանը ստացել է 2 մլն 56 հազար դրամ աշխատավարձ, 295 հազար դրամն էլ գործուղումից ստացած գումարն է:
Մարտի 1-ի դրությամբ Դավիթ Մաթեւոսյանն ունի 300 հազար դրամ:
Նարինե Մովսիսյան. Այս ընտրատարածքի միակ կին թեկնածուն Երեւանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի ուսումնական կենտրոնի տնօրենն է: Նա Կապան քաղաքում ունի մեկ բնակարան, Նորաշենիկ գյուղում` առանձնատուն եւ ավտոտնակ, թեեւ ավտոմեքենա չունի:
Նարինե Մովսիսյանի եկամուտի միակ աղբյուրը աշխատավարձն է` 406 հազար 527 դրամ: Մարտի 1-ի դրությամբ նա ոչ մի դրամ չի ունեցել:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել