
Կովիդով վարակված հղի կնոջ մահ է արձանագրվել
Այս գիշեր գրանցվել է կովիդով վարակված հղիի մահվան դեպք: Այս մասին խորհրդարանում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ցավով պետք է նշեմ, որ գիշերը հղիի մահ ենք ունեցել կովիդով պայմանավորված: Դելտա շտամը, ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամերի, դրսևորվում է բավականին ագրեսիվ ընթացքով: Հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե այս շտամով են վարակվում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ միջինում պահպանվում է 100-ից ավելի կովիդով վարակված հղիների վիճակագրությունը, նրանց գրեթե կեսի մոտ տարբեր աստիճանի թոքաբորբ է դրսևորվում:
Ընդհանուր առմամբ, երեկ կատարվել է 6220 թեստավորում, դրական արդյունք է եղել 810-ի մոտ, արձանագրվել է 30 մահ:
Անահիտ Ավանեսյանի գնահատմամբ՝ համաճարակային վիճակը շարունակում է լարված մնալ: Դպրոցական արձակուրդներն ու առցանց համալսարանական դասերը որոշակի դրական միտում արձանագրել են թվերի պահպանման առումով: Նախարարը նաև նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում առավել խստորեն է պահպանվում դիմակների կրման ռեժիմը, սակայն, ըստ նրա, մահերից հնարավորինս խուսափել հնարավոր է միայն պատվաստվելու շնորհիվ:
Երեկվա դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 890 797 է, առաջին դեղաչափ ստացել է 613 849 քաղաքացի կամ մեծահասակ բնակչության գրեթե 33 տոկոսը:
Մեկնաբանել