
ԱՆ-ն կեղծ պատվաստումները բացահայտելու բժշկական մեթոդ չունի
Քաղաքացու՝ կեղծ պաստվատված լինելը բժշկական որևէ եղանակով հնարավոր չէ պարզել: Այս մասին խորհրդարանոմ հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նշենք, որ խորհրդարանը շարունակում է 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը բարձրացրեց կեղծ պատվաստումների հարցը՝ նշելով, որ նման մահերի դեպքում հակապատվաստումային արշավ իրականացնողները շահարկելու են այդ փաստը:
Նախարարը կիսեց պատգամավորի մտահոգությունը, ապա հիշեցրեց, որ իրավապահները մի շարք նման դեպքեր են բացահայտել, սակայն, ըստ նրա, վստահաբար ոչ բոլոր դեպքերն են բացահայտվել:
«Այս արատավոր երևույթը առկա է բոլոր երկրներում, և շատ երկրներ բախվում են տվյալների աղճատման հետ: Երբ գրանցվի մահվան դեպք և պարզվի, որ այդ անձը պատվաստման սերտիֆիկատ է ձեռք բերել՝ առանց պատվաստվելու, մենք որևէ ռետրոսպեկտիվ միջոց չունենք պարզելու՝ արդյոք նա իրականում պատվաստված էր, թե ոչ: Եվ դա անդրադառնալու է նաև պատվաստումների նկատմամբ որոշակի վստահության հարց առաջանալուն»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարի կարծիքով՝ իրավապահները պետք է խստորեն շարունակեն զբաղվել թե՛ պրոֆիլակտիկ, թե՛ խախտման դեպքերը բացահայտելով, նաև՝ խստորեն արձագանքելով:
«Նման արարքը վտանգում է տվյալ անձի կյանքն ու առողջությունը, նաև հանրային առողջապահական լուրջ խնդիրներ առաջացնում՝ ընդհանուր վստահությունը խաթարելով պատվաստումների նկատմամբ»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նա հայտնեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կամփոփեն իրականացված պատվաստումներն ու մահերը, կհրապարակեն նաև մահվան դեպքերը, որոնք պատվաստման լինելու սերտիֆիկատ ունեն:
«Պետք է գիտակցենք, որ պատվաստումները արդյունավետ միջոց են, բայց չենք կարող բացառել թե՛ վարակելիության դեպքերը, թե՛ հիվանդության ընթացքի ծանրությունը, թե, ցավոք սրտի, նաև մահը»,-ասաց նախարարը:
Մեկնաբանել