
Նախարարը մանրամասնեց՝ կովիդի դեպքերով դպրոցներում ինչ դասապրոցես կլինի
Առողջապահության նախարարությունը հակված չէ այն լուծմանը, որ պետք է դպրոցական աձակուրդները երկարացնել կամ անցնել լոքդաունի՝ կովիդի դեպքերը նվազեցնելու համար:
Նշենք, որ խորհրդարանում շարունակվում է 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, սակայն պատգամավորների բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում են կորոնավիրուսին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հարցրեց, թե ինչու նախարարությունը չի դիտարկում դպրոցներում օրումեջ դասապրոցեսի անցնելու մեթոդը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հուլիս-օգոստոս ամիսներին երկար քննարկել են հարցը, թե ինչպես է մեկնարկելու ուսումնական տարին:
«Անգամ քննարկել ենք, որ նախ առաջին դասարանցիները դպրոց գնան, հետո միջին և վերջում ավագ դպրոցը: Մի քանի սցենար ենք քննարկել ու համադրելով առողջապահական և կրթական ռիսկերը՝ ընտրեցինք թիրախային փակման միջոցը: Նախարարի հրամանով սահմանված է, որ այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով վարակման դեպքեր կունենանք կամ ուսուցչական կազմում որոշակի դեպքեր կլինեն, այնտեղ միանգամից հեռավար դասապրոցեսի կանցնեն»,- ասաց նա:
Ավանեսյանի խոսքով՝ նման տարբերակի են հանգել, քանի որ դեռևս անհայտ է, թե որքան ժամանակ է համավարակը լինելու մեր կյանքում: Ըստ նրա՝ նախորդ լոքդաուններն արդարացված էին և որոշակի ժամանակ տվեցին առողջապահական համակարգերը պատրաստվածության աստիճանի բերելու համար, բայց երկարաժամկետ առումով լոքդաունները վնասակար հետևանքներ են ունենում:
«ԱՀԿ-ն էլ իր ուղեցույցներոմ նշում է, որ դպրոցների փակման կամ կիսատ ռեժիմով դասապրոցեսը պետք է հնարավորինս կարճ ընթացքներով իրականացվի, որովհետև ունենք երեխաների հոգեկան առողջության, զարգացման, թերսնուցման պրոբլեմներ, որոնց վրա աչք չենք կարող փակել: Որքան էլ ես՝ որպես նախարար հակված եմ, որ տոտալ լոքդաունները շատ էֆեկտիվ կարճաժամկետ արդյունք են տալիս, բայց մենք այդ ժամանակը չունենք»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ բուհերում դեռ հեռավար դասապրոցեսը կշարունակվի, իսկ դպրոցներում տեղական բռնկումներ լինելու դեպքում թիրախային մոտեցում կցուցաբերվի:
Նա հայտնեց, որ հեռավար ուսուցումը դպրոցական համակարգում վատ անդրադարձ է ունենում, հետևաբար, լուծումն ուսուցչական անձնակազմի ամբողջական պատվաստումն է:
Ըստ Ավանեսյանի՝ հեռավար չանցնելու մյուս պատճառն այն է, որ դա ընդհանուր առմամբ ազդում է մարդկանց սոցիալական կյանքի վրա, քանի որ ծնողները չեն կարող երկար ժամանակ բացակայել աշխատանքից:
«Երեխաներին խնամելու հարցեր կան, որոնք լրացուցիչ տնտեսական բեռ են առաջացնում: Մեր վարած քաղաքականությունը մաքսիմալ կերպով հավասարակշռված մոտեցման վրա է հիմնված, առողջապահական կրթական, սոցիալական բեռերը ևս դիտարկվում են»,- ասաց նախարարը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեսակետ հայտնեց, թե կորոնավիրուսով վարակվածների վիճակագրությունը աղճատված է հրապարակվում, քանի որ ընտանիքի անդամներից մեկի վարակման դեպքում շատերը չեն թեստավորվում: Նա նաև հետաքրքրվեց, թե արդյոք դիահերձարանները իրականացնում են կորոնավիրուսով վարակված անձանց դիակների փորձաքննություն:
«Ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում որոշակի մեթոդաբանություններ կան: Եթե գրանցվել է դիցուք 200 հազար դեպք, որոշ տեղեր 3,4 անգամ բազմապատկում են այդ թիվը: Շատերը սիմպտոմ չեն ունենում, չեն թեստավորվում, բայց պետությունն առաջին իսկ օրվանից հոգացել է, որ գանգատ ունեցողները թեստավորվեն պետության հաշվին: Վճարովի է ճամփորդելու կամ գործատուներին տեղեկանք ներկայացնելու համար թեստավորումները, իսկ եթե անձն ունի որոշակի սիմպտոմներ, այդ ծառայությունը պետության կողմից հասանելի է»,- ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ վարակման փաստացի դեպքերը չեն արտացոլում իրական դեպքերի ամբողջական թիվը, կան մեթոդաբանություններ, որոնց հաշվարկներով վարակման դեպքերը կարող է գնահատվել 2-3 անգամ ավելի:
Ինչ վերաբերում է դիահերձումներին, ապա նախարարը նշեց, որ կովիդով վարակված անձանց դիահերձումները ևս իրականացվում են:
Մեկնաբանել