
Նախարարը զգուշացնում է՝ կորոնավիրուսի դեպքում ինքնաբուժությունը կարող է հանգեցնել մահվան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին խնդրում է ինքնաբուժությամբ չզբաղվել և առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ չընդունել: Այս մասին խորհրդարանում ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուինե Բադալյանի հարցին:
«Դեռ նախորդ տարվանից ձևավորված աշխատանքային խումբ կա, որը մշակել էր և՛ արտահիվանդանոցային բուժման, և՛ հիվանդանոցային օղակի համար ուղեցույցները: Եվ այս խումբը մշտապես թարմացնում է իր ուղեցույցը՝ ապացուցողական բժշկության վրա հիմնվելով»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ մեծ առաջընթաց կա հիվանդանոցային օղակում ուղեցույցների կիրառման ծավալների ընդլայնման առումով:
Նախարարը համաձայնեց՝ կան բժիշկներ, որոնք այդ ուղեցույցին չեն հետևում, սակայն խնդիր է նաև այն, որ որոշ քաղաքացիներ նույնիսկ չեն էլ դիմում բժշկի:
«Դրական դեպքը հաստատվելուց հետո դիմում են հարևանին, մորաքրոջը, տատիկին, ճշտում, թե իրենց ինչ բուժում է արվել ու սկսում ինքնաբուժություն անել: Սա ծայրահեղ վտանգավոր և մտահոգիչ վարքագիծ է: Առիթից օգտվելով` ուզում եմ խնդրել մեր քաղաքացիներին ինքնաբուժությամբ չզբաղվել: Քովիդի պարարագում այն կարող է մահվան հասցնել»,- ասաց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ կան վարակակիրներ, որոնք հիվանդության դեռ սկզբնական փուլում հակաբիոտիկների մեծ չափաբաժիններ են ընդունում՝ իբրև թե կանխարգելիչ նպատակով, ինչը հետագայում շատ ավելի լուրջ բարդություններ է առաջացնում:
Մեկնաբանել