HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փաստաբան Ռոբերտ Բեջանյանը պնդում է, որ պաշտպանյալն ապօրինի պահվում է քրեակատարողական հիմնարկում

Փաստաբան Ռոբերտ Բեջանյանը պնդում է, որ իր պաշտպանյալ Վարդան Դալլաքյանը հոկտեմբերի 23-ից ապօրինի պահվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Պաշտպանը գրություններ է ուղարկել գլխավոր դատախազ Արթուր ԴավթյանինՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ ահազանգելով Դալլաքյանի իրավունքների կոպիտ խախտման մասին:

Վարդան Դալլաքյանը մեղադրվում է Քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով սահմանված արարք կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի` նա խանութից 2 տերմինալ է գողացել:

Գործի շրջանակներում Դալլաքյանը նախ խոստովանական բացատրություն և ցուցմունք է տվել, ապա պնդել, որ դա արել է ճնշումների ներքո:

Դալլաքյանը հայտնել է, որ Ford Transit մակնիշի մեքենա ունի, որը վարում է որպես տաքսի, դրանով բեռնափոխադրում է իրականացնում: Հերթական պատվերը կատարելիս երեք մարդ նստել է մեքենան, ասել, որ իրենց տանի ինչ-որ տեղ: Հետո ինքն այս անձանց պահանջով մեքենան կայանել է, երեք անձինք մեքենայից դուրս են եկել և քիչ անց տերմինալներ բերել, դրել մեքենայի մեջ, ապա ճանապարհը շարունակել են:

Շուտով ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են մեքենան, ու վարորդը, ենթարկվելով ոստիկանության աշխատակիցների պահանջին, մեքենան աջ է քաշել,  կայանել: Դրանում գտնվող երեք անձինք փախուստի են դիմել:

«20 ոստիկան այդ 3 անձի ետևից վազել, բայց չեն կարողացել բռնել»,- պաշտպանյալի խոսքից պատմում է Բեջանյանը: Դալլաքյանը նաև պատմել է, որ փախուստի դիմած անձանց չկարողանալով բռնել` ոստիկանները հետ են եկել, իրեն պառկեցրել ասֆալտին, պահանջել ասել փախուստի դիմած անձանց անունները, ինքը պատասխանել է, որ չի ճանաչում նրանց, իր պատվիրատուներն են: Դալլաքյանը հայտնել է, որ դեպքի վայրում ոստիկաններն իրեն ծեծել են, ապա ծեծելով տարել բաժին, իսկ այնուհետեւ Դալլաքյանի փոխարեն ոստիկանության աշխատակիցները բացատրություն են գրել այն մասին, որ տերմինալներն ինքն է գողացել և ստորագրել տվել, քննիչի սենյակում էլ, ըստ մեղադրյալի, իրեն սպառնացել ու պահանջել են, որ նույն բավանդակությամբ ցուցմունք գրի և ստորագրի: Վերը նշվածի կապակցությամբ Դալլաքյանը հաղորդում է տվել, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, որը վերջերս կասեցվել է: Կասեցման որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել դատախազին, այն մերժվել է, այժմ Բեջանյանը պատրաստվում է բողոք ներկայացնել դատարան:

Վերը նշված դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 23-ին, այդ օրը Դալլաքյանը  ձերբակալվել է, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 25-ին բավարարել է նրան կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը, կալանքի սկիզբը համարվել է նրան արգելանքի վերցնելու օրը՝ ապրիլի 23-ը: Դրանից  հետո Դալլաքյանի կալանավորման ժամկետը երկարացվել է երկու ամսով՝ մինչև օգոստոսի 23-ը: Դատարանին ներկայացվել է նաև մեղադրյալի խափանման միջոց կալանավորումը երկրորդ անգամ երկարացնելու վերաբերյալ միջնորդություն: Քննիչը միջնորդության մեջ խնդրել է Դալլաքյանի կալանքը երկարացնել երկու ամսով՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 23-ը, սակայն առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը մերժել է, և օգոստոսի 23-ին Դալլաքյանն ազատ է արձակվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր:

Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել, և վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 27-ին կայացրած որոշմամբ բավարարել է դատախազի բողոքը՝ միաժամանակ իր դատական ակտում նշելով, որ «բավարարում է քննիչի միջնորդությունը»: Դատարանը նաև նշել է, որ կալանքի սկիզբը պետք է համարվի Դալլաքյանին արգելանքի վերցնելու պահը: Սեպտեմբերի 30-ին Վարդան Դալլաքյանը ներկայացել է քրեակատարողական հիմնարկ ու արգելանքի վերցվել:

Ըստ փաստաբան Բեջանյանի՝ իր պաշտպանյալին արգելանքի տակ պահելու ժամկետը եղել է մինչև հոկտեմբերի 23-ը, սակայն Քննչական կոմիտեի քննիչն ու քրեակատարողական հիմնարկն այլ կերպ են մեկնաբանում ստեղծված իրավիճակը:

Դալլաքյանին արգելանքի վերցնելու պահն, ըստ ՔԿՀ-ի և քննիչիսեպտեմբերի 30-ն է՝ այն օրը, երբ Դալլաքյանը ներկայացել է քրեակատարողական հիմնարկ:

Պաշտպան Բեջանյանն ասում է, որ Մարդու իրավունքների պաշտպանին և Գլխավոր դատախազին ներկայացված գրություններում ինքը պարզաբանել է, որ վերաքննիչ դատարանը ոչ թե Վարդան Դալլաքյանին կալանավորելու թույլտվություն է տվել, այլ նրա կալանավորման ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունն է բավարարել:

Քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղակում է դատարան կամ կալանավորումը՝ որպես խափանման միջոց վերացվում է: Տվյալ դեպքում, ըստ Ռոբերտ Բեջանյանի, իր պաշտպանյալի կալանքի ժամկետը նրան ազատ արձակելուց հետո չի կասեցվել, չի ընդհատվել, քանի որ տվյալ դեպքում գործը չի ուղարկվել դատարան, և իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվել։ Պարզապես առաջին ատյանի դատարանը չի երկարացրել կալանավորման ժամկետը, և Դալլաքյանն ազատ է արձակվել, իսկ երբ արդեն վերաքննիչ դատարանը որոշել է բավարարել իր կալանավորման ժամկետը չերկարացնելու որոշման դեմ բողոքը, գնացել և ներկայացել է քրեակատարողական հիմնարկ:

«Ես համաձայն կլինեի քննիչի, դատախազի և վերաքննիչ դատարանի հետ, եթե խոսքը ոչ թե անձի նկատմամբ արդեն ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու, այլ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին լիներ: Այսինքն` եթե վերաքննիչ դատարանը կալանքի սանկցիա տար, ապա կալանքի ժամկետը կհաշվվեր այն պահից, երբ նա կբռնվեր»,- ասաց Բեջանյանը՝ կրկին ընդգծելով, որ այս դեպքում խոսքը կալանքի ժամկետը երկարացնելու մասին է, իսկ քննիչը միջորդել էր Դալլաքյանի կալանքի ժամկետը երկարացնել մինչև հոկտեմբերի 23-ը:

Պաշտպանը նաև ասաց, որ ՄԻՊ գրասենյակից հեռախոսով իրեն հայտնել են, որ վարույթ են հարուցել դիմումի հիման վրա, իսկ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ իր դիմումն ուղարկվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազություն:

Լուսանկարը՝ Փաստաբանների պալատի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter