
Քրեական գործ՝ կրտսեր սերժանտ Գրիգոր Վարդանյանի մահվան դեպքի առթիվ
Պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Սահակի Վարդանյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ։
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքում զինծառայողի կողմից խախտվել են մարտական հերթապահության իրականացման կանոնները, ինչի արդյունքում 2021թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, մարտական դիրքի ճաշարանում, հրազենից արձակված կրակոցից վիրավորում է ստացել նշված մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Սահակի Վարդանյանը։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
«Քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննչական խումբը կատարում է անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ»,- հայտնում է Քննչական կոմիտեն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել