
ՔԿՀ-ում Ֆրանսիայի քաղաքացու մահվան դեպքով քրգործ է հարուցվել, նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել է
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 33-ամյա կալանավորի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատախան ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Խոսքը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն է վերաբերում:
Մահացած կալանավորը Ֆրանսիայի քաղաքացի Ռոբին Ալեն Սաֆարյանն է: Վերջինիս ինքնազգացողությունն, ըստ Քրեակատարողական ծառայության պաշտոնական տեղեկատվության, հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ նրան բժիշկ է այցելել: Շուրջ 25 րոպե անց՝ ժամը 11։35-ի սահմաններում, արձանագրվել է կալանավորի մահը:
Ռոբին Ալեն Սաֆարյանը մեղադրվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության և իրացման՝ Քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետերով սահմանված արարքներ կատարելու մեջ:
Ըստ մեղադրանքի՝ Ռոբին Ալեն Սաֆարյանը, չունենալով բժշկական նպատակներով և բժշկի նշանակմամբ թմրամիջոցների շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց ձեռք բերելու, փոխադրելու և պահելու թույլտվություն, գտնվելով Ֆրանսիայի Հանրապետությունում, իրացնելու նպատակով, չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 221.08 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց, որը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով՝ տաբատի տակ փաթեթավորված վիճակում պահելով, 2021 թվականի սեպտեմբերի 3-ին տեղափոխել է Հայաստանի Հանրապետության պետական սահման՝ Նիցցա-Փարիզ-Երևան ավիաչվերթով: «Զվարթնոց» օդանավակայանում Ռոբին Ալեն Սաֆարյանի մոտից հայտնաբերվել ու վերցվել է թմրամիջոցը, Սաֆարյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Ռոբին Ալեն Սաֆարյանն իրեն վերագրվող մաքսանենգության հոդվածով մեղադրանքն ընդունել է, իսկ իրացման վերաբերյալ մեղադրանքը՝ ոչ: Վերջինիս վերաբերյալ գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ քաղաքացի Մինաս Ասրյանի կողմից առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու նախապատրաստության դեպքի առթիվ: Երկու գործերը միացվել են մեկ վարույթում:
2021 թվականի սեպտեմբերի 28-ին Մինաս Ասրյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 35-268-րդ հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ նա կատարել է առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու նախապատրաստություն:
Այսպես, ըստ մեղադրանքի՝ Երևան քաղաքի բնակիչ Մինաս Ասրյանը, 2021 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 2-ը Ինստագրամի միջոցով ընկերոջ՝ Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող Ռոբին Ալեն Սաֆարյանի հետ վարած նամակագրությամբ տեղեկացել է, որ վերջինս 2021 թվականի սեպտեմբերի 3-ին ժամանելու է Հայաստան և իրացնելու նպատակով իր հետ բերելու է «Կոկաին» տեսակի թմրամիջոց:
Միաժամանակ, Մինաս Ասրյանը տեղեկացել է, որ Ռոբին Ալեն Սաֆարյանը Հայաստանումում նպատակ ունի գնել «կոֆեին» տեսակի խթանիչ, և օգտվելով այդ հանգամանքից, անձնական օգտագործման համար առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու պայմաններ ստեղծելով, Ռոբին Ալեն Սաֆարյանին խորհուրդ է տվել չգնել հիշյալ խթանիչից և խնդրել է ՀՀ ժամանելուց հետո անձնական օգտագործման համար իրեն տրամարդել 15 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որի դիմաց խոստացել է Ռոբին Ալեն Սաֆարյանին տալ նրան հետաքրքրող խթանիչից:
Ռոբին Ալեն Սաֆարյանն ընդունել է Մինաս Ասրյանի առաջարկը և պայմանավորվել են իրենց մտադրությունն ի կատար ածելու համար հանդիպել 2021 թվականի սեպտեմբերի 3-ի երեկոյան կամ հաջորդ օրն առավոտյան:
Մինաս Ասրյանն, ըստ գործի, իր կամքից անկախ հանգամանքներով, չի կարողացել ավարտին հասցնել թմրամիջոցն ապօրինի ձեռք բերելու արարքը, քանի որ Հայաստան ժամանելուց հետո Ռոբին Ալեն Սաֆարյանի արարքը բացահայտվել է, և ԱԱԾ և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցը: Ասրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Սաֆարյանի և Ասրյանի վերաբերյալ գործն արդեն դատարանում է, դատավոր Դավիթ Բալայանն այն դատական քննության նշանակելու վերաբերյալ որոշում էր կայացրել: Այս որոշման մեջ, որը տեղադրվել է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում, առկա է տեղեկություն այն մասին, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունից հոկտեմբերի 13-ին դատարան գրություն է ստացվել, ըստ որի՝ դատարանի քննարկմանն է ուղարկվել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունից ստացված հայտագրի պատճենը՝ Ռոբին Ալեն Սաֆարյանին տեսակցության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ: Գործի նախաքննության ընթացքում, ինչպես պարզ է դառնում, քննիչը Ռոբին Ալեն Սաֆարյանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա արգելք է դրել: Դատավոր Դավիթ Բալայանը գործը դատական քննության նշանակելու որոշման մեջ դիրքորոշում է հայտնել, որ նախաքննության ավարտի պահից քննիչի կողմից դրված արգելքն այլևս չի կարող գործել, քանի որ այն կիրառած մարմնի որոշման նպատակն է եղել «քրեական գործով կատարվելիք քննչական ու դատավարական գործողությունների ապահովման անհրաժեշտությունը», ու քանի որ դրանք արդեն իսկ իրականացվել են, դրված սահմանափակումը վերացել է՝ նախաքննության ավարտով: Նույն հիմնավորմամբ դատարանը գտել է, որ գործի դատաքննության փուլում Ռոբին Ալեն Սաֆարյանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա արգելք դնելն անիմաստ է և կսահամանափակի նրա իրավունքները:
Մինչ գործով նշանակված դատական նիստը կկայանար, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետից դատարան գրություն է ստացվել, որ Ռոբին Ալեն Սաֆարյանը հանկարծամահ է եղել:
Նշանակված դատական նիստի ընթացքում Ռոբին Ալեն Սաֆարյանի պաշտպան Զավեն Դադայանը դատարանին ներկայացրեց իր վստահորդի մահվան վերաբերյալ վկայականը և նրա մոր՝ Ֆրանսուա Սիլվի Օզեբիի գրավոր դիրքորոշումն այն մասին, որ խնդրում է իր որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ մահվան հիմքով: Դատավարության մասնակիցները չառարկեցին, որպեսզի հետապնդումը դադարեցվի:
Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար, և հաշվի առնելով, որ մահացածի մայրը չի առարկում, դատարանը որոշեց Ռոբին Ալեն Սաֆարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Նշենք, որ քննիչի որոշմամբ՝ Ռոբին Ալեն Սաֆարյանից առգրավվել էր վերջինիս պատկանող յոթ հատ 1.000 ՀՀ դրամ անվանական արժեքով, յոթ հատ 50 €, մեկ հատ 20 €, մեկ հատ 10 € անվանական արժեքներով, տասնմեկ հատ 100.000 լիբանանյան լիրա, մեկ հատ 50.000 լիբանանյան լիրա, մեկ հատ 20.000 լիբանանյան լիրա, մեկ հատ 10.000 լիբանանյան լիրա, մեկ հատ 5.000 լիբանանյան լիրա և հինգ հատ 1.000 լիբանանյան լիրա անվանական արժեքներով, մեկ հատ 500.000 իրանական ռիալ անվանական արժեքով թղթադրամնեի, մեկ հատ ոսկեգույն շղթայի և ոսկեգույն խաչի, մեկ հատ կապույտ կաշվե շղթայով «AWI» տեսակի ձեռքի ժամացույց, որոնց վրա կալանք է դրվել՝ գույքի բռնագրավման և դատական ծախսերի հնարավոր բռնագանձումն ապահովելու համար: Գործը դատական քննության նշանակելիս դատավոր Դավիթ Բալայանը գտել է, որ գույքի վրա դրված կալանքը պետք է պահվի:
Դատախազ Հովակիմյանը դատարանում պնդեց, որ քրեական հետապնդումը Սաֆարյանի նկատմամբ մահվան հիմքով դադարեցնելու պայմաններում դատական ծախսերն, այնուամենայնիվ, ենթակա են բռնագանձման, սակայն դատարանն, անդրադառնալով Ռոբին Ալեն Սաֆարյանի անձնական խուզարկությամբ առգրավված դրամական միջոցների և իրերի տնօրինման հարցին, որոշեց, որ դրանք պետք է հանձնել վերջինիս մերձավոր ազգականներից մեկին կամ նրա լիազորված անձին:
Նկատի ունենալով, որ Ռոբին Ալեն Սաֆարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, դատախազը դատական նիստին ընթերցեց միայն Մինաս Ասրյանի մեղադրանքը: Վերջինս հայտնեց, որ մեղադրանքը չի ընդունում: Հետո դատարանը որոշեց նաև գործով ապացույցների հետազոտման հաջորդականությունն ու հետաձգեց դատական նիստը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 16-ին:
Մեկնաբանել