
Հարյուրավոր միգրանտներ՝ Բելառուսի և Լեհաստանի սահմանին. Վարշավան զորքերը բերել է պատրաստության վիճակի
Լեհ-բելառուսական սահմանի Բրուզգի-Կուզնիցա սահմանակետի մոտ երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 8-ին, հարյուրավոր միգրանտներ են հավաքվել։ Այդ մասին գրում է BBC-ն։ Նման հոսք չի եղել Մինսկի և նրա արևմտյան հարևանների միջև առկա միգրացիոն ճգնաժամի մեկնարկից ի վեր։ Բելառուսի իշխանությունները հերթական անգամ Վարշավային մեղադրել են անմարդկայնության մեջ, իսկ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է իր սահմանների պաշտպանության պատրաստակամության մասին։
Նոյեմբերի 8-ի առավոտյան Լեհաստանի ՊՆ-ն հրապարակել էր տեսանյութ, որը նկարահանվել էր երկնքից։ Կադրերում երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ հավաքվել «Կուզնիցա» անցակետի մոտ (լեհական կողմի հսկիչ անցագրային կետի անվանումը)։ Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Մարիուշ Բլաշակը հայտնել է, որ սահմանը հսկում է ավելի քան 12 հազար զինծառայող։ «Մենք պատրաստ ենք պաշտպանելու լեհական սահմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բլաշակը։ Լրատվամիջոցները նաև հայտնել են, որ Լիտվան Լեհաստանի հետ սահմանի մոտ է ուղարկում իր զորքերին։ Բելառուսի իշխանությունների տվյալներով՝ սահմանին ավելի քան 2 000 միգրանտ է հավաքվել։
Լեհաստանի կառավարությունը սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ հրատապ խորհրդակցություն է անցկացրել։ Ավելի վաղ, սոցիալական ցանցերում տեսանյութ էր հայտվել, որտեղ միգրանտների խումբը կամ, ինչպես նրանց անվանում են Բելառուսի իշխանությունները, «զբոսաշրջիկները» ավտոմայրուղով շարժվում են լեհական սահման, որոնց ուղեկցում են համազգեստավոր անձինք, հավանաբար Բելառուսի ուժային համակարգի ներկայացուցիչներ։
#Belarus Look at what is happening on the border. A huge crowd of migrants is walking towards the Polish border. Bruzgi-Kuznica border crossing pic.twitter.com/XVroOj9eGQ
— Hanna Liubakova (@HannaLiubakova) November 8, 2021
Նոյեմբերի 8-ի ցերեկը միգրանտները փորձել են կտրել փշալարե ցանկապատը, ինչպես նաև՝ վնասել դրանք գերանների միջոցով։ Լեհ սահմանապահները նրանց նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել։
Մինսկը բազմիցս մեղադրել է Վարշավային միգրանտների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հայտարարել է, որ «փախստականներին նման հուսահատ քայլի է դրդել լեհական իշխանությունների անտարբերությունն ու անմարդկային վերաբերմունքը»։
Kuźnica: próba sforsowania polskiej granicy pic.twitter.com/kqCkLPdsiK
— Ministerstwo Obrony Narodowej ?? (@MON_GOV_PL) November 8, 2021
Վարշավան էլ իր հերթին Մինսկին մեղադրում է սադրանքների փորձի մեջ։ Եվրամիության ղեկավար կազմի կարծիքով՝ Բելառուսը վարում է հիբրիդային պատերազմ, որը Մերձավոր Արևելքից ընդունելով միգրանտների՝ նրանց ուղարկում է Լիտվա և Լեհաստան։ Լուկաշենկոն մի քանի անգամ հայտարարել է, որ պատժամիջոցների սահմանումից հետո Մինսկը փող չունի միգրանտների խնդիրը լուծելու համար։
Ավելի վաղ, Ֆրանսիան Լուկաշենկոյի հարազատներին մեղադրել էր Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքով անօրինական միգրացիայի կազմակերպման մեջ, իսկ Գերմանիայի ՆԳՆ-ն տեղի ունեցածում տեսնում է «Մոսկվայի ձեռքը»։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել