HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ-ն դատապարտել է խաղաղ բնակիչների վրա ադրբեջանական զինուժի հարձակման դեպքը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է նոյեմբերի 8-ին Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ ադրբեջանցիների կողմից կրակի բացումը, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկ հոգի՝ զոհվել:

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը։ Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի նախօրեին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի այցի օրը, որտեղ վերջինս իր ելույթում հանդես է եկել հերթական հայատյաց հռետորաբանությամբ լի հայտարարությամբ և ուժի կիրառման սպառնալիքներով։

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շարունակական հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի խախտմամբ կրկնվող միջադեպերը բացահայտորեն ի ցույց են դնում Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի կողմից հնչող հայտարարությունների սին բնույթը։

Հարկ է նշել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից սա վերջին մեկ ամսվա ընթացքում խաղաղ բնակիչների վրա հարձակման երկրորդ դեպքն է, որի արդյունքում արձանագրվում են մարդկային զոհեր։ Վստահ ենք, որ այս և նման հանցագործությունների պատշաճ հետաքննությունը և բոլոր պատասխանատուների արդարադատության առջև կանգնելը կարող է կանխել քաղաքացիական բնակչության նկատմամբ հետագա հարձակումները։

Ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին»,- ասված է ԱԳն հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter