HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունը

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը հանդես է եկել հայտարարությամբ 2020 թվականի արցախյան պատերազմի ավարտի տարելիցի կապակցությամբ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։
 
«Այս շաբաթ Միացյալ Նահանգների և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև տեղի ունեցած 44-օրյա թեժ ռազմական գործողությունների ավարտը ազդարարած հրադադարի մասին հայտարարության ստորագրման մեկ տարին։ Մենք խորապես ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում անցած տարվա ռազմական գործողությունների զոհերի ու վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում վերադարձնել բոլոր պահվող անձանց, լիարժեք հաշվետու լինել անհետ կորածների համար, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձն իրենց տներ, իրականացնել ընդգրկուն հումանիտար ականազերծում հակամարտության ազդակիր տարածքներում և կարիքավորների հետ աշխատելու հասանելիություն ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար։
Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգ, կայուն, բարեկեցիկ ու խաղաղ ապագա կերտելուն աջակցելու իր հանձնառությանը։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնն այս օրերին տարածաշրջանում է՝ բոլոր երեք երկրների հետ քննության առնելու մեր երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր և դիտարկելու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Մենք Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ այդ հակամարտությունից բխող դեռևս չլուծված հարցերին համապարփակ լուծումներ գտնելու ուղղությամբ շարունակել ու առավել մեծացնել ջանքերի գործադրումը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- նշված է պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter