
Փոփոխություններ՝ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետների կարգում
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերին: Այն ներկայացրեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Նախագծով առաջարկվում է մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվել մինչև նրանց 19 տարին լրանալը՝ գործող 18-ի փոխարեն:
19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ նույն օրենքով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով:
Նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ոստիկանությանը՝ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին:
Ըստ փոխոստիկանապետի՝ նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման ժամանակ, երբ օրինակ` ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-ից 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար, քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը:
Փոփոխություններով նաև հնարավորություն է տրվում քաղաքացուն ըստ ցանկության, երկրի փոխարեն նշել բնակավայրի, գյուղի, համայնքի կամ քաղաքի անունը:
«Դա պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, որ շատ քաղաքացիներ այնպիսի երկրներում են ծնվել, որոնք միջազգայնորեն ճանաչում չունեն և ճանապարհորդելիս խնդիրներ են ունենում»,- ասաց Ֆիդանյանը:
Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելով քառօրյա նիստերի օրակարգում:
Մեկնաբանել