HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շարունակում ենք ջանքեր գործադրել բոլոր պահվող անձանց ազատ արձակելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Այն հրապարակվել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական էջում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երեք երկրի առաջնորդների հայտարարությունը «հնարավորություն տվեց վերջ տալ արյունահեղությանը և տարածաշրջանում և սկսել խաղաղ կյանքի հաստատման գործընթաց»։ «Այսօր կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրված պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ կյանքի են կոչվում։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ Բաքուն և Երևանը հավատարիմ մնան բոլոր դրույթների հետագա իրականացմանը և խստորեն պահպանմանը»,- նշված է հայտարարության մեջ։

Ռուսական կողմը կարծում է, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբը զգալի ներդրում ունի տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։ «Մեր ադրբեջանցի և հայ ընկերները սա գնահատում են։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից վերադարձվել է, ընդհանուր առմամբ, 122 ռազմագերի և այլ պահվող անձինք։ Նրանցից 105-ը վերադարձվել է Հայաստան, իսկ 17-ը՝ Ադրբեջան։ Ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի 3 փաթեթ քարտեզ»,- նշվում է հայտարարության մեջ։

Ռուսական կողմի շեշտմամբ՝ ռուս խաղաղապահներն ակտիվ կերպով մասնակցում են նաև խաղաղ կյանքի կարգավորմանը և պարբերաբար տարածաշրջան հասցնում մարդասիրական օգնություն։ «Շարունակում ենք ջանքեր գործադրել մարդասիրական մնացած խնդիրները հրատապ կերպով լուծելու, այդ թվում՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակելու, անհետ կորածների ճակատագրի պարզմանը նպաստելու, զոհվածների աճյունների փոխանցման ու, ընդհանուր ծավալով, ականապատ դաշտերի հավաստի քարտեզները տրամադրելու ուղղությամբ։ Արդիական է մնում նաև կրոնական-մշակութային և պատմական ժառանգության պահպանության ապահովումը»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ռուսական կողմը նաև շեշտում է, որ հետևողականորեն ջանքեր են ներդրվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք ձևակերպվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ։ «Բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծում ենք շահերի հավասարակշռության վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը, ինչը կօգնի բացահայտել Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժը»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ռուսական կողմն ընդգծում է նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցման և դրա սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի կարևորությունը։ Ըստ ռուսական կողմի՝ իրենք պատրաստ են տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն։

«Կարևոր ենք համարում շարունակել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով, առաջին հերթին՝ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում։ Պահանջված է նաև ԿԽՄԿ-ի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային համապատասխան կազմակերպությունների ներդրումը։ Մենք կանենք ամեն ինչ՝ նպաստելու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, աջակցելու խաղաղության նախաձեռնություններին, որոնք ուղղված են բոլոր մակարդակներում շփումների ընդլայնմանը, Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման հարցերի լայն շրջանակին»,- հավելել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։ 

Հայտարարության վերջում ռուսական կողմը նշում է, որ պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսության նպաստմանը՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով։ «Մենք կողմ ենք Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը»,- հայտարարությունը եզրափակում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ուղիղ մեկ տարի առաջ հենց այս օրը Արցախում դադարեցվեցին մարտական գործողությունները։ Երեք երկրների առաջնորդների եռակողմ հայտարարության արդյունքում փաստացի ձևակերպվեց Ադրբեջանի հաղթանակն այդ պատերազմում։ Բաքուն ոչ միայն կարողացավ ստանալ նախկին ԼՂԻՄ հարակից շրջանները, այլև բռնազավթեց Հադրութն ու Շուշին։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter