
Մի խումբ անձինք ոստիկանության ստորաբաժանումներում կամավոր հանձնել են ապօրինի զենք-զինամթերք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի, Նոր Նորքի, Մալաթիայի և Էրեբունու բաժիններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
«Մաշտոցի բաժնում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և «Կարաբին» հրացանի կամավոր հանձնման դեպք, Նոր Նորքի բաժնում՝ ատրճանակի, Մալաթիայի բաժնում՝ «Իժ» հրացանի ու ռազմամթերքի, Էրեբունու բաժնում՝ ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակի։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գավառի, Սևանի, Մարտունիի և Ճամբարակի բաժիններում։
Գավառի և Սևանի բաժիններում՝ ատրճանակների, Մարտունիում և Ճամբարակում՝ նռնակների և փամփուշտների։ Արթիկի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Շիրակի մարզի մի բնակիչ կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ։ Արտաշատի բաժին զանգած տղամարդն էլ հայտնել է, որ պատերազմի մասնակից է և Արտաշատի երկաթգծի կայարանի մոտ զենք է թողել։ Նրա նշած վայրում հայտնաբերվել են «մուխա» հակատանկային նռնականետի նմանվող նռնականետ ու փամփուշտներ։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Եղեգնաձորի և Ջերմուկի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Եղեգնաձորում արձանագրվել է զինամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների, Ջերմուկում՝ զինամթերքի ու երկփողանի հրացանի կամավոր հանձնման դեպք։
Նշանակվել են փորձաքննություններ»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել