HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչպես խաբեության զոհ դարձա, կորցրի համակարգիչս ու դրա դիմաց ստացա բազում սպառնալիքներ

Ռուստամ Դավթյան

2021 թվականի փետրվար ամսին որոշեցի վաճառել իմ անձնական օգտագործման DELL ֆիրմայի համակարգիչը, քանի որ ունեի նոր աշխատանքային համակարգիչ։ List.am կայքում տեղադրեցի հայտարարությունը, համակարգչի նկարներն ու արժեք սահմանեցի 250.000 դրամ։ Հաջորդ օրը հեռախոսազանգով ինձ հետ կապ հաստատեց Անուշ Ավետիսյան անուն, ազգանունով մի կին, որն առաջարկեց համակարգիչը գնել պարտքով, նոտարական պայմանագրի հիման վրա, գումարի մի մասը վճարել տվյալ ամսվա վերջին, իսկ մնացածը՝ մինչև հաջորդ ամսվա վերջին օրը։

«Տղայիս ծնունդն ա ուղղակի, տաս տարեկան տղա ա էլի, ուղղակի խոսք եմ տվել վերջի օրով էլ բանկը մերժում ա ապառիկը, շատ մեծ լավություն արած կլինեք, մենք էլ մի բան էլ ավել կվճարենք հնարավորության դեպքում»,- ասում էր Անուշը։

Շահելով իմ վստահությունը Անուշը իր ամուսնու հետ (հետո պիտի պարզվեր, որ նրանք անգամ ամուսիններ չեն) վերցնում են ինձ իմ աշխատավայրից, միասին գնում ենք իմ բնակարան։ Տեսնում են համակարգիչը, և քանի որ աշխատանքային օրը ավարտվում էր առաջարկում են անձնագիրը թողնել իսկ հաջորդ օրը նոտարով գործարքը հաստատել։ Քանի որ ինձ մոտ Անուշի անձնագիրն էր, մտածում եմ, որ դժվար թե խաբեն, անձնագիրը ամեն մեկին տալ չեն կարող, համաձայնում եմ։

Մեկ շաբաթ անց, Անուշից զանգ չստանալով՝ զանգում եմ նրան տեղեկանալու, թե ինչու՞ չենք անում գործարքը, ստանում պատճառաբանություն, որ հիվանդանոցում է առողջական խնդիրների պատճառով և չի կարող հանդիպել։ Անցնում է ևս մեկ շաբաթ և խոստացված վճարման օրը՝ փետրվարի 28-ը։ Անուշը զանգահարում է և հայտնում, որ անձնագիրը իրեն շտապ պետք է և եթե հիմա իրեն վերադարձնեմ անձնագիրը, գրավով ոսկին կհանի և նորից գրավ կդնի, այդ ժամանակ կկարողանա իմ գումարը տալ։

Ես վերադարձնում եմ նրան իր անձնագիրը՝ տալով 24 ժամ ժամանակ վճարում անելու համար։ Ժամկետը լրանալուց հետո, երբ Անուշը ինձ հետ կապի դուրս չի գալիս, դիմում եմ ոստիկանություն։ Ցուցմունք տալիս Զեյթունի ոստիկանությունում խարդախության դեպքի մասին։

Հաջորդ օրը քննիչի ինձ կանչում է մանրամասներ իմանալու, որից հետո նշում է, որ շուտով խուզարկելու են Անուշի բնակարանը, որպեսզի գտնեն իմ գույքը։ Երկու օր անց նորից հրավիրում են Քննչական, նույն քննիչը ասում է, որ խոսել է Անուշի հետ և ըստ քննիչի՝ թյուրըմբռնում է եղել։ Քննիչը նշում է, որ Անուշը իրեն վստահեցրել է, թե ինքը խաբելու միտում չի ունեցել, ուղղակի գործեր է ունեցել և չի հասցրել գործարքը անելառաջարկում է պայմանագիր կնքել և գումարը փակել մինչև ապրիլ ամսվա վերջը։ Քննիչը ինձնից արձանագրություն է վերցնում, որ ես բողոք չունեմ Անուշի դեմ և կարճում է քրեական գործը, ես և Անուշը հաջորդ օրը, «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում գտնվող նոտարական գրասենյակում կնքում ենք նոտարական պայմանագիրը։

Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կապվում եմ Անուշի հետ ճշտելու, թե արդյոք պատրաստվում է վճարել ինձ պարտք գումարը, սակայն նա իմ հեռախոսազանգերին չի պատասխանում և կարճ հաղորդագրություններով պատմում է, որ հարազատի մահվան պատճառով ծանրաբեռնված է, բայց նորից ժամանակ է խնդրում գումարը վճարելու համար։

Մայիս-հունիս ամիսներին ես, նոտարական պայմանագրի հիման վրա, դիմում եմ դատարան՝ գումարի բռնագանձման պահանջովԱնուշ Ավետիսյանի դեմ։ Գործը ընդունվում է վարույթ։

Այնուհետև «ԴատաԼեքս» համակարգում որոնումներ եմ անում Անուշ Ավետիսյան անունազգանունով և պարզում եմ, որ վերջինս բազմաթիվ նմանատիպ գործերով է անցնում դեռևս 2015 թվականից, և դրանք բոլորը նույնատիպ բնույթ են կրում։

Ամեն ինչ արդեն պարզ էր, ես արդեն հասկացել էի, որ սա ուղղակի մարդկանց խաբելու միջոց էր, իսկ նոտարով պայմանագրի կնքումը՝ ծուղակ։

Ամեն անգամ իր հետ խոսելիս կինն ասում էր, որ գումարը հետ է տալու, շատ պարտքեր ունի, աշխատում է դրա համար, չի կարող հիմա վճարել իմ գումարը։ Ես համոզված էի, որ նա գումարը չի վերադարձնելու, բայց նա երբեք դրա մասին չէր ասում, ուղղակի ամեն անգամ նոր ժամկետներ էր խնդրում։

Նախորդ ամիս, ես Անուշին առաջարկում եմ, որ գումարի մի մասը ինձ վճարի տասնհինգօրյա ժամկետում, հակառակ պարագայում ես հրապարակում եմ նրա լուսանկարը սոցիալական ցանցերում, որպեսզի մարդիկ ճանաչեն իրեն և զերծ մնան խաբեությունից։

Նա համաձայնում է, բայց ժամկետը լրանալուց հետո նորից ինձ հետ կապի դուրս չի գալիս, չի պատասխանում ոչ իմ հեռախոսազանգերին, ոչ  հաղորդագրություններին։ Սկսում եմ հրապարակումներ անել սոցիալական ցանցերում մարդկանց տեղեկացնելու, որ գոնե նրանք զգուշանան։

Ես վստահ եմ, որ բազմաթիվ մարդիկ վաճառում են իրենց գույքը կարիքից դրդված, գուցե նրանցից շատերին շտապ գումար է անհրաժեշտ։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է խաբվել, եթե մի սովորական հայտարարություն տեղադրի, որ վաճառում է ինչ-որ տեխնիկա։ Եթե օրինապահ մարմինները չեն մտածում այս երևույթին վերջ տալու մասին, ապա ինչ-որ մեկը ինչ-որ բան պիտի անի մի օր, թե չէ։

Ես հրապարակում եմ նրա անձնագրի նկարը, քանի որ այլ լուսանկար չունեի, փակում անձնական տվյալների հատվածը։

Նախորդ շաբաթ ինձ ձայնային հաղորդագրություն է ուղարկում իր տղան, սպառնալիքներով և անձնական բնույթի հայհոյանքներով, սպառնում է, որ ընտանիքիս կվնասի իմ հասցեով մարդիկ կուղարկի, անունս կպախարակի և այլն։

Իսկ Անուշը տեսագրություն է ուղարկում «Ռուսաստանից»՝ նշելով, որ ինքն այլևս երկրում չէ և իրեն չի հետաքրքրում, թե ինչ եմ անում, միևնույն ժամանակ սպառնում է, որ եթե իրեն հանգիստ չթողնեմ, ամենավերջին վատությունը կանի ինձ։

Կարծում եմ, որ այստեղ առնվազն 3 օղակ, բացի հենց ինքը՝ հանցագործը, ներգրավված է այս ամենի մեջ։ Հույս ունեմ, որ բավականաչափ հարցումների և բողոքների դեպքում քայլեր կձեռնարկվեն Անուշ Ավետիսյանի խարդախ գործունեությունը կասեցնելու և իր արարքների համար պատասխանատվության ենթարկելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter