HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյան․ «Ադրբեջանի բացահայտ ահաբեկչության թիրախում Արցախի քաղաքացիներն ու ՌԴ խաղաղապահներն են»

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե ինչ գործողություններ են արվում հրադադարի ռեժիմն ամրապնդելու և անվտանգային մյուս խնդիրները լուծելու համար։ Արցախի նախագահի գրառման մեջ մասնավորապես ասվում է հետևյալը․

«Ադրբեջանա-արցախյան հակամարտության  գոտում փխրուն հրադադարի հաստատումից հետո անցել է մեկ տարի։ Այդ ընթացքում ամենօրյա ռեժիմով Արցախի իշխանությունները, ՀՀ ու Սփյուռքի աջակցությամբ և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ, ջանում են լուծել պատերազմի հետևանք հանդիսացող տարաբնույթ խնդիրները` ռազմա-քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական և այլն։

Սակայն երբեմն ունենում ենք իրավիճակներ, երբ ադրբեջանական կողմը խախտում է ինչպես բարձր մակարդակով մեկ տարի առաջ ստորագրված հայտարարության դրույթները, այնպես էլ՝ առօրյա աշխատանքներին վերաբերող պայմանավորվածությունները։ Այդպես է շփման գծում հրադադարի խախտումների դեպքում և այդպես է վերջին երկու դեպքում, երբ զոհվեցին ու վիրավորվեցին քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի բացահայտ ահաբեկչության թիրախում Արցախի Հանրապետության քաղաքացիներն էին, ինչպես նաև՝ ՌԴ խաղաղապահները. նպատակը խուճապային տրամադրություններ սերմանել Արցախում ապրողներիս շրջանում, և, իհարկե, փորձել հեղինակազրկել ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը։

Կուզեի հակիրճ անդրադառնալ, թե այս ժամանակահատվածում ինչ է արվում ԱՀ Պաշտպանության բանակի և խաղաղապահների միջոցով ապահովվող հրադադարի ռեժիմն ամրապնդելու և անվտանգային մյուս խնդիրները լուծելու համար։

  1. Զենքի մասին օրենքում կատարվող փոփոխությունները կընդլայնեն զենքի ձեռքբերման հնարավորությունները։
  2. Թեև առ այսօր շոշափելի աշխատանք է տարվել շփման գծին հարակից բնակավայրերում մշտական զինված հսկողություն ապահովելու առումով, սակայն այսուհետ իրավապահ մարմինների կազմում գործող համապատասխան ստորաբաժանումներն էլ ավելի մեծ մասնակցություն կունենան շփման գծին մոտ տարածքներում կատարվող աշխատանքների, բնակավայրերի ու ճանապարհների անվտանգության ապահովման գործում։ Այդ առումով խնդրում եմ բոլոր քաղաքացիներին ու կազմակերպություններին նշված տարածքներում աշխատանքներ իրականացնելու դեպքում դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն։
  3. Իհարկե, այս մեկ տարվա ընթացքում նաև զգալի աշխատանք է տարվել առաջնագծի ամրացման ու ՊԲ գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ:
  4. ՌԴ խաղաղապահների հետ նույնպես վարում ենք ամենօրյա համագործակցություն բազմաբնույթ անվտանգային ռիսկերի կանխարգելման ու խնդիրների վերացման ուղղությամբ:

Գլխավորապես չերևացող տարբեր ջանքերի միջոցով հնարավորինս անելու ենք, որ մեր բնակչության անվտանգության մակարդակը շարունակաբար բարձրանա՝ օգտագործելով և՛ սեփական անվտանգային կարողությունները, և՛ ՌԴ խաղաղապահ զորակազմի տրամադրած ռազմաքաղաքական երաշխիքները: Գործադրվող ջանքերի համար մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմին, հրամանատարությանը և անձամբ Ռուսասատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter