
Էրդողան. «Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհի առաջատար տերություններից մեկը»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք գործադրում են առավելագույն ջանքեր երկիրն աշխարհի առաջատար տերությունների շարքում ներառելու համար։ Այդ մասին նա ասել է Անկարայում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։
Նրա խոսքերով՝ դրան հնարավոր կլինի հասնել երկրի ենթակառուցվածքների, քաղաքական և տնտեսական ներուժի զարգացման շնորհիվ։ Էրդողանն ընդգծել է, որ 1923 թվականին Աթաթուրքի կողմից ժողովրդի կամքի գերակայության սկզբունքի վրա հիմնված նոր պետությունը թուրք ժողովրդի պետականության երկհազարամյա ավանդույթների շարունակությունն է:
«Հարգել Աթաթուրքի հիշատակը, անկասկած, անհրաժեշտ և կարևոր է։ Էլ ավելի կարևոր է նրա գործի շարունակականությունը, Հանրապետության հիմնադրի պատգամներին հետևելը»,- նշել է Էրդողանը՝ պնդելով, թե Թուրքիայի գործող իշխանությունները հետևում են առաջին նախագահի վարած քաղաքականությանը։
Էրդողանի խոսքերով՝ իրենք այսօր ներգրավված են Սիրիայում, Լիբիայում և Կովկասում ընթացող զարգացումներին, իսկ ժամանակակից Թուրքիան ակտիվ դիվանագիտական պայքար է մղում Եվրոպայում և աշխարհում։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Թուրք բարձրաստիճան գեներալները և թուրքական արտադրության զինտեխնիկան անմիջական մասնակցություն են ունեցել պատերազմին։ Ներկայում թուրքական անձնակազմը ներգրավված է Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի աշխատանքներին, որը, իբր, զբաղվում է Արցախում հրադադարի ռեժիմի պահպանության վերահսկողությամբ։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել