
Ռուբեն Հայրապետյանի միլիոններն ու հակառակորդների չունեցած եկամուտները
Արդեն հրապարակել ենք մի քանի պատգամավորության թեկնածուների գույքի եւ եկամտի հայտարարագրերը: Ակնհայտ է, որ իշխանական թեկնածուները անվիճելիորեն իրենց թանկարժեք գույքով, շենք-շինություններով, հողամասերով ու ավտոմեքենաներով եւ, ի վերջո, դրամական միջոցներով մի քանի անգամ ավելի ունեւոր են, քան ընդդիմության թեկնածուները:
Երեւանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված 3 թեկնածուների` ՀՀԿ անդամ, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի եւ ՀԱԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, լրագրող Գայանե Առուստամյանի ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրությունը եւս դրա վառ ապացույցն է:
ՀՀԿ. Ռուբեն Հայրապետյան. Գաղտնիք չէ, որ Ռուբեն Հայրապետյանն իրեն ավելի շատ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է զգում, քան պատգամավոր, սակայն այս անգամ էլ որոշեց մտնել քաղաքականություն:
Պատգամավորության թեկնածուն մարտի 1-ի դրությամբ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում ունի 846.25 քմ բնակելի տարածք, իսկ Սեւանի ափամերձ հատվածում` 424.4 քմ բնակելի տարածք: Հողամասեր ունի ինչպես Պտղնի գյուղում, այնպեսլ էլ Սեւանի ափամերձ տարածքում, Ավան-Առինջում, Կոտայքի մարզի Առինջ գյուղում եւ Ծաղկաձոր քաղաքում:
Ռուբեն Հայրապետյանը հայտարարագրել է 7 ավտոմեքենա` «Մերսեդես Բենց Վիանո», «Լեկսուս Լ 470», «Ռոլս-Ռոյս», «Մերսեդես Բենց S 500», «Պորշ-Կայեն», «Կադիլակ Դեվիլ», «Լեքսուս LT 600 HL» մակնիշի:
Եկամուտների բաժնում գործող պատգամավորը հայտարարագրել է ԱԺ-ից ստացած մեկ տարվա աշխատավարձը` 3 միլիոն 51 հազար 510 դրամ եւ «Զարգացման հայկական բանկ»-ից ստացված շահաբաժինը` 13 միլիոն 408 հազար 180 դրամ:
Մարտի 1-ի դրությամբ Ռուբեն Հայրապետյանի հաշվեհամարներին եղել է 13 միլիոն դրամ եւ 19 միլիոն 300 հազար դոլար:
Նշենք, որ 2009թ. Ռուբեն Հայրապետյանը հայտարարագրել էր ընդամենը 15 միլիոն 718 հազար 40 դրամ, իսկ 2010-ին` 11 միլիոն 180 հազար 324:
ՀԱԿ. Գայանե Առուստամյան. Այս ընտրատարածքի կին թեկնածուն ունի 41.3 քմ մակերեսով բնակարան Լենինգրադյան փողոցում: Նա ոչ ավտոմեքենա ունի, ոչ էլ 8 միլիոն դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող որեւէ գույք:
Գայանե Առուստամյանի միակ եկամուտը «Մելտեքս» ՍՊԸ-ից (Ա1+) ստացած աշխատավարձն է եղել` 520 հազար դրամ: Նա մարտի մեկի դրությամբ հաշվեհամարում գումար չի ունեցել:
«Ժառանգություն». Ստեփան Սաֆարյան. Ստեփան Սաֆարյանի հայտարարագիրը կարելի է ասել՝ դատարկ է: Նա ոչ սեփական բնակարան ունի, ոչ ավտոմեքենա, ոչ էլ թանկարժեք գույք ու բաժնետոմսեր:
Պատգամավորության թեկնածուի միակ եկամուտը Ազգային ժողովից ստացված աշխատավարձն է` 3 միլիոն 401 հազար 520 դրամ, իսկ մարտի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարին եղել է ընդամենը 100 հազար դրամ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել