
Ճաղավանդակներ Երեւանի մայթեզրերին եւ այգիների մուտքերի մոտ՝ մեքենաների կայանումը կանխելու եւ հետիոտնի անվտանգության համար
Մինչև այս տարվա նոյեմբերի 15-ը Երեւանի քաղաքապետարանը կավարտի փողոցների մայթեզրերին արգելապատնեշների տեղադրումը:
Նախատեսված է 600 մետաղական ճաղավանդակ տեղադրել մայթեզրերին և այգիների մուտքերի մոտ: Նպատակը մեքենաների կայանումը մայթերին և մուտքը դեպի այգիներ և հասարակական վայրեր կանխելն է, ինչպես նաև՝ հետիոտնի անվտանգության ապահովումը, քանի որ հաճախ մարդիկ արգելված հատվածներով են փողոցը հատում:
Ըստ ոստիկանությունից «Հետքին» տրամադրված վիճակագրության՝ 2019-2021 թվականներին Երեւանում հետիոտնի վրաերթի 78 դեպք է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 80 մարդ։
Արգելապատնեշների տեղադրումը քաղաքապետարանն իրականացնում է վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հետ համագործակցությամբ՝ հաշվի առնելով խնդրահարույց հատվածների վերաբերյալ նրանց կարծիքները:
Այս պահի դրությամբ մետաղական արգելապատնեշները տեղակայված են Կենտրոն վարչական շրջանի Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկի հատվածում, Արաբկիր վարչական շրջանի Օրբելի-Կիեւյան փողոցների, Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկներում, Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցի «Ավանգարդ մոտորս» ՍՊԸ կից շուկայամերձ հատվածում և Շենգավիթ վարչական շրջանում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ: Մնացած վայրերի ընտրությունը դեռ շարունակվում է:
Ճանապարհը հատելու համար այս հատվածներում հետիոտները հիմնականում ունեն այլընտրանքային անցումներ՝ գետնանցում կամ վերնանցում։
Արգելապատնեշների պատրաստման համար քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել՝ «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն։ Մրցույթին մասնակցած 3 ընկերություններից ընտրվել է «Մետալուրգ ՓԲԸ-ն»՝ աշխատանքներն իրականացնելու համար առաջարկելով նախատեսված 30 մլն համայնքային բյուջեից մոտ 28 մլն դրամ: «Մետալուրգ»-ը տարիներ առաջ քաղաքապետարանի պատվերով իրականացրել էր նաեւ «Երեւան» գրությամբ նստարանների պատրաստումը։
Քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ արգելապատնեշների հետագա սպասարկումը և նորոգումն իրականացնելու են վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը:
Մեզ հետ զրուցած քաղաքացիներից ոմանք դրական կարծիք ունեն այս ծրագրի մասին, ոմանց համար, սակայն, անհարմար է, քանի որ ճանապարհը երկարում է, մինչև գետնանցումով անցնում են մյուս կողմը:
Մոսկովյան- Աբովյան խաչմերուկում հարցված քաղաքացիներից ամեն մեկը մի պատմություն ունի այս խաչմերուկի հետ կապված. մեկը դժվարանում է փոքր քրոջը հետ պահել արգելված հատվածով անցնելուց, մյուսի թոռնիկն այժմ հարկադրված գետնանցումով է միայն անցնում: Քաղաքացիներից մեկն էլ հիշեց խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի դեպք:
Տաթեւ Ալիխանյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս
Մեկնաբանել