
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահին
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Այս մասին հաղորդում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը կարևորել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում ֆրանսիացի խորհրդարանականների՝ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերած անվերապահ աջակցությունը:
Արարատ Միրզոյանը կրկին շնորհակալություն է Ֆրանսիայի Սենատին՝ 2020թ․ նոյեմբերի 25-ին ընդունված «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի համար։
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է համապարփակ ու տևական լուծում ստանա խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։
Ինչպես ասվում էԱԳՆ հաղորդագրությունում, անդրադարձ է կատարվել նաև Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։ Երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց ազատ արձակման անհրաժեշտությունը՝ համաձայն իր ստանձնած պարտավորությունների:
Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։ Այս առումով կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցն Արցախ, որը մինչ այժմ տեղի չի ունեցել Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով։ Արարատ Միրզոյանը նշել է, որ միջազգային մարդասիրական կազմակերպությունները պետք է անխափան մուտք ունենան Արցախ՝ ընդգծելով մարդասիրական բնույթի հարցերը քաղաքականացնելու փորձերի անթույլատրելիությունը։
Մեկնաբանել