
«ՄԼ մայնինգ»-ը Երևանում բազալտի հանքավայրի նոր տարածքներ է ուզում, քաղաքապետարանը դիմադրում է
Հանրային քննարկում` առանց հանրության
Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ մայնինգ» ընկերությունը մտադիր է ընդլայնել Սպանդարյանի բազալտի հանքավայրը: Այդ նպատակով այսօր Աջափնյակի թաղապետարանում հանրային առաջին քննարկումն էր նախատեսված:
Քննարկումն ընթացավ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանի աշխատասենյակում: Ներկա էին ընկերության տնօրեն Էդուարդ Մարգարյանը, ընդերքօգտագործման իրավունքի և ՇՄԱԳ փաթեթների կազմող «Էկո-Գեո» ՍՊԸ-ի երկու ներկայացուցիչ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գևորգ Նավասարդյանը, թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վահագն Գրիգորյանը: Սակայն որևէ բնակիչ ազդակիր վարչական շրջանից կամ հասարակական սեկտորից չկար:
«Էկո-Գեո» ՍՊԸ-ի աշխատակից Քրիստինե Բաղդասարյանը նշեց, որ ընկերությունը ցանկանում է ընդլայնել արդեն ունեցած տարածքը և հանքավայրին հարակից նոր` 12 հա տարածք ավելացնել:
«Հայցվող տարածքին հարակից լինելը թույլ է տալիս որոշակի չափով նվազեցնել հնարավոր բնապահպանական ազդեցությունները: Նախ` չի կառուցվելու նոր արտադրական հրապարակ, քանի որ արդեն իսկ գոյություն ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքները: Ունենք նաև ճանապարհներ: Այսինքն` դա թույլ է տալիս խուսափել լրացուցիչ հողերի օտարումից»,- հայտնեց Քրիստինե Բաղդասարյանը:
Վերջինս նշեց, որ բնապահպանական մասը կարևոր բաղադրիչ է ընկերության ծրագրում, և փոշու արտանետումների կառավարման համար մի շարք միջոցառումներ են նախատեսվել: Օրինակ` լինելու է տարածքի կանաչապատում, որը դեռևս քննարկվում է Բուսաբանության ինստիտուտի մասնագետների հետ, ցանկանում են արագ աճող և փարթամ ծառերի ընտրություն կատարել, որով ծառատունկ կիրականացնեն հայցվող տարածքի շուրջ: Փոշենստեցման համար ջրցան միջոցառումներ են իրականացվելու:
Ջրամատակարարման հարցը լուծված է, արդեն գործող հանքավայրում գոյություն ունի ջրամատակարարում, և ջրցանման համար տեխնիկական ջուր է օգտագործվում: Այսինքն` ըստ հայցող կողմի, որևէիցե խնդրահարույց ազդեցություն իրենց գործունեության արդյունքում չի դրսևորվելու:
«ՄԼ մայնինգ»-ի տնօրեն Էդուարդ Մարգարյանը պատմեց, որ ընկերությունը 10 տարուց ավելի է` զբաղվում է ոչ մետաղական հանքերի շահագործմամբ, տարբեր մարզերում բազալտի, ավազակոճղային խառնուրդի, պեռլինի և այլ հանքավայրեր ունի, խոշոր ներդրումային ծրագրեր է իրականացրել, զբաղվում է բնակարանաշինության ծրագրերով, խոշոր և օրինապահ հարկ վճարող է: Սպանդարյանում արդեն 400 մլն դոլարից ավելի ներդրում է իրականացրել, մոտ 200-250 դոլարի էլ պատրաստվում են հայցվող հարակից տարածքում իրականացրել:
Ինչ վերաբերում է փոշու արտանետումներին, ապա, ըստ նախագծողների, դա չնչին է լինելու, քանի որ ընկերության տեխնիկան նոր է, և նոր բնապահպանական ազդեցություն չի ավելացնի, քանի որ նաև նոր ենթակառուցվածքներ չեն նախատեսվում:
Վարչակազմի ղեկավարի տեղակալ Հակոբյանը նշեց, որ մեծ քաղաքներում հանքարդյունաբերությունը մի քիչ կնճռոտ հարց է, քանի որ շատ էական է, թե ինչ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: «Դուք ճիշտ նշեցիք, որ բոլոր մարզերում հանքարդյունաբերությամբ եք զբաղվում, բայց այստեղ կարևորագույն խնդիրներից մեկը, օրինակ` իմ համար, Սիլիկյան թաղամասն առանց այն էլ առանց ծառածածկույթի, բուսականությունից զերծ տարածք է, որովհետև դա առաջացել է այն պարագայում, որ այդտեղ ամայի է եղել, ոռոգման խնդիր կա»,- ասաց Արտակ Հակոբյանը:
Վերջինս հետաքրքրվեց, թե ինչպես է ընկերությունը լուծել ջրամատակարարման հարցը: Տնօրեն Մարգարյանը պատասխանեց, որ ցիստեռնն է ջուրը բերվում տարածք, իսկ հողի վարձակալության պայմանագրի կնքումից հետո գուցե նաև ջրագիծ անցկացնեն, քանի որ շուրջ 1 կմ հեռավորության վրա է գտնվում «Վեոլիա ջուր» ընկերության ջրագիծը: Արդեն բանավոր պայմանավորվածություն կա:
Տարածքում ոչ բերրի, շագանակագույն հողերի են, այդ պայմաններում ինչպես է ծառատունկն իրականացվելու, և ծառերն ինչպես են հետագայում աճելու հարցին` հստակություն չկար: Քրիստինե Բաղդասարյանը նշեց, որ ծառերի տնկման հարցը դեռևս քննարկվում է բուսաբանների հետ: Դիտարկում են, թե ինչ ծառատեսակներ կայուն կլինեն այդ միջավայրում և փոշենստեցման համար առավել արդյունավետ:
Ավելին, տնօրեն Մարգարյանն էլ պատմեց, որ հարակից տարածքներում փորձ է արվել ընկուզենիներ աճեցնել, նույնիսկ իրենց աջակցությամբ ցիստեռններով ջուր է մատակարարվել, սակայն այդ նախաձեռնությունը ձախողվել է, այս տարի ծառերի մեծ մասը չորացել է:
Գևորգ Նավասարդյանը հայտնեց, որ ընկերությունը հայցում է այն տարածքը, որն արդեն ծանրաբեռնված է «Մեգերյան» ՍՊԸ-ի կողմից: Այսինքն` այդ տարածքի համար ընդերքօգտագործման իրավունք ուներ «Մեգերյան» ՍՊԸ-ն: Չնայած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքը, սակայն ընկերությունն այն վիճարկում է դատարանում: Այդ գործով դեկտեմբերի 1-ին նոր նիստ է նշանակված: Եվ քանի դեռ այդ տարածքի վերաբերյալ չկա դատական ակտ, այդ հարցը մնում է առկախ:
Քննարկմանը ներկա «Էկո-Գեո» ՍՊԸ-ի տնօրեն Վիգեն Ավետիսյանը (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավարն էր) հակադարձեց` բերելով Դաստակերտի հանքավայրի նախադեպային օրինակը: Վերջինս նշեց, որ չնայած դրա ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է և վիճարկվում է դատարանում, նոր ընկերության տրամադրվել է ուսումնասիրություն կատարելու թույլտվություն:
Էդուարդ Մարգարյանն էլ նշեց, որ ընկերությունը պատրաստ է իր վրա վերցնել նաև այն ռիսկը, որ դատարանի կողմից «Մեգերյան» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը վերականգնելու պարագայում իր կատարած ծախսերի կամ ներդրումների փոխհատուցում չի պահանջի և կվերադարձնի տարածքը «Մեգերյան»-ին:
«Հաշվի առնելով այն, որ Երևան քաղաքում հանքերը ծանրաբեռնված են Աջափնյակ վարչական շրջանում, բավականին օդի աղտոտվածություն ունենք: Մանավանդ Աջափնյակում օդի աղտոտվածությունը բավականին արտահայտիչ է, և Երևան համայնքն իր դիրքորոշումն ունի կապված Երևան քաղաքում շահագործվող նոր հանքավայրերի հետ, և դեռևս ներկայացվող տարածքների վերաբերյալ բացասական դիրքորոշում ունի նոր բացվող հանքերի վերաբերյալ: Ողջունելի է, որ դուք ներդրումներ եք անում և այլն, բայց եկեք փաստենք, որ Երևան քաղաքի համար առաջնայինը նաև շրջակա միջավայրի վրա ազդեցությունն է ու հարակից բնակչությունը, որը այսօր պասիվություն է ցուցաբերել»,- նշեց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Վարչական շրջանի ներկայացուցիչն ու քաղաքապետարանի ներկայացուցիչը, ի պատասխան ընկերության տնօրենի` հարկեր, տուրքեր վճարելու, ներդրումներ կատարելու և սոցիալական ծրագրեր իրականացնելու իրենց խոստումներին, հիշեցրին, որ արդեն երկու նոր հանքարդյունահանման նախագիծ Սպանդարյանում մերժվել է զուտ բնապահպանական տեսակետից: Ավելին, Գ. Նավասարդյանը նշեց, որ քաղաքապետարանը Երևանի օդի աղտոտվածությունը գնահատելու մոնիտորինգ է իրականացնելու, որպեսզի հասկանան, թե որքան մասն է աղտոտում հանքարդյունաբերությունը, որքանը` այլ աղբյուրներից: Դրանից հետո կարելի կլինի խոսել նոր հանքերի բացման մասին:
Հակոբյանը միջամտեց, որ սկզբունք են որդեգրել սրանից ավել չաղտոտել օդը, չծանրաբեռնել հանքերով:
Ընկերության ներկայացուցիչները հիմնավորեցին, որ իրենք պատրաստ են նոր տարածքներից արդյունահանում իրականացնել իրենց ներկայիս ծավալները սպառելուց հետո, ինչը նշանակում է, որ փոշու աղտոտելու ցուցանիշների փոփոխություն չի լինի: Նրանք պատրաստակամություն հայտնեցին տարբեր հարցերի շուրջ քննարկում անել և գտնել լուծումներ:
Այդուհանդերձ, Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գ. Նավասարդյանն առաջարկեց հաստատել, որ քննարկումը կայացել է, և հնգօրյա ժամկետում քաղաքապետարանն իր դիրքորոշման մասին կտեղեկացնի շահագրգիռ կողմերին:
Լուսանկարները` Անի Սարգսյանի
Կարդացեք նաև` Երևանյան բազալտի և կավի գինը
Մեկնաբանել