«Սյունիքը, Չաբահար նավահանգստից մինչև Սև ծով, կարևոր ենթակառուցվածքային հանգույց է լինելու»․ ԱԽ քարտուղար
Գորիս-Կապան ճանապարհին Հայաստանն ու Ադրբեջանը մաքսակետեր կտեղադրեն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի: Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք: Բայց քանի որ, ինչպես հայտարարվեց՝ արդեն պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս, կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է։ Այն պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է»,- ասել է ԱԽ քարտուղարը։
Ըստ Գրիգորյանի՝ Կառավարության կողմից կատարված աշխատանքներով պայմանավորված՝ Երևան-Կապան ճանապարհը վերջին 15 տարվա լավագույն ճանապարհն է։
Գորիս-Կապան ճանապարհին գտնվող՝ Շուռնուխ, Որոտան, Ճակատեն (հավանաբար ԱԽ քարտուղարը նկատի է ունեցել Բարձրավան համայնքը, քանի որ Ճակատենը գտնվում է Կապան-Մեղրի ասֆալտապատ մայրուղու վրա- հեղ․) համայնքների համար այս պահին ևս ճանապարհային աշխատանքներ են կատարվում, որպեսզի այս համայնքների ճանապարհները բարեկարգվեն։
ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ սեպտեմբերին Կառավարությունը հաստատել էր «Հյուսիս-հարավ»-ի Սիսիան-Իրանի սահման հատվածի կառուցման մոտ 1 միլիարդանոց ներդրումային ծրագիրը, որն, ըստ նրա, ամբողջովին փոխելու է Սյունիքի համայնքների ենթակառուցվածքները։
«Սյունիքը, Չաբահար նավահանգստից մինչև Սև ծով, կարևոր ենթակառուցվածքային հանգույց է լինելու։ Այլընտրանքային ճանապարհը հիմնականում «Հյուսիս-հարավ» ճանապարհն է»- ասաց նա։
Խոսելով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ այն բոլոր հարցերը, որոնք քննարկվում են, տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որ բացվող ենթակառուցվացքները լինելու են տվյալ պետության սուվերեն վերահսկողության տակ։
«Շատ կարևոր է նաև, որ մենք հնարավորություն ենք ստանալու Ադրբեջանի ենթակառուցվացքներից օգտվելու։ Այս պահին աշխատանքային խմբում քննարկվում է Երևան-Թբիլիսի-Բաքու, այնտեղից՝ Ռուսաստան կամ այլ երկրներ բեռնափոխադրումների հարցը։ Եռակողմ ձևաչափում շարունակելու ենք աշխատել, որպեսզի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև՝ հունվարի 11-ի հայտարարությամբ նշված բոլոր կետերը իրականություն դառնան, և տարածաշրջանը ապաշրջափակվի»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել