
Վարդան Օսկանյանի Կալիֆորնիայի տունն ու Գուրգեն Արսենյանի ինքնաթիռները
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած պատգամավորության թեկնածուների ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերի բովանդակությունը, թեեւ դժվար է 100-տոկոսանոց ճշմարտություն համարել, սակայն եղածն էլ բավարար է թեկնածուների ճաշակի, ցանկությունների ու «ախորժակների» մասին պատկերացում կազմելու համար: Այս անգամ ներկայացնում ենք ԲՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածուներ` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ դարձյալ ԲՀԿ ցուցակում ընդգրկված Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի վերջին մեկ տարվա գույքն ու եկամուտներրը:
Վարդան Օսկանյան. Ըստ ներկայացված հայտարարագրի՝ Վարդան Օսկանյանը Հայաստանում տուն չունի: Թե նա ում տանն է ապրում, հայտնի չէ, սակայն նշված է, որ Կալիֆորնիայում ունի 200 քմ մակերեսով տուն, իսկ Հայաստանում` 8000քմ մակերեսով հողատարածք Ծաղկաձոր քաղաքում:
Նախկին արտգործնախարարը նույնիսկ ավտոմեքենա չունի, ոչ էլ 8 միլիոն դրամը կամ համարժեք փոխարժեքը գերազանցող գույք: Վարդան Օսկանյանը վերջին մեկ տարվա ընթացքում նույնիսկ 1 դրամի եկամուտ չի ստացել, փոխարենը մարտի 1-ի դրությամբ իր հաշվեհամարին առկա է եղել 1 միլիոն 100 հազար դոլար:
Գուրգեն Արսենյան. Ի տարբերություն Վարդան Օսկանյանի, ՄԱԿ առաջնորդը ավելի «առանաձեռն» է եղել իր գույքն ու եկամուտները հայտարարագրելիս:
Գուրգեն Արսենյանին ընդհանուր բաժնային սեփականությամբ պատկանում է 3 շենք, 3 շինություն, 8 հողամաս: Նա շարժական գույքի պակաս էլ չունի, ավելին` 2 ինքնաթիռ է հայտարարագրել:
Գուրգեն Արսենյանն ունի «Լեքսուս LS 600 HL», «Ռենջ Ռովեր Super Chargeo», «Տոյոտա Պրադո», ինչպես նաեւ հայտարարագրել է «Զենեյր CH-701 STOL» մակնիշի երկու ինքնաթիռ: Սակայն, օրեր առաջ երկու ինքնաթիռներն էլ Գուրգեն Արսենյանը նվիրել է ԼՂՀ կառավարությանը:
Գուրգեն Արսենյանը վերջին մեկ տարվա ընթացքում «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ-ից ստացել է 1 միլիարդ 107 միլիոն 171 հազար 965 դրամ եկամուտ, «Յունիքորն գրուպ» ՓԲԸ-ից` 11 միլիոն 809 հազար 568 դրամ, «Բիզնես Սթայլ» ՓԲԸ-ից` 5 միլիոն 997 հազար 600 դրամ եկամուտ: Գուրգեն Արսենյանին եկամուտ են բերել նաեւ մի շարք ընկերություններից ստացած վարձավճարները` «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ-ից 13 մլն 590 հազար դրամ, «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ-ից` 2 մլն 160 հազար եւ «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ից` 1 միլիոն 80 հազար դրամ: Իսկ 48 միլիոն 655 հազար 691 դրամի եկամուտ Գուրգեն Արսենյանին ապահովել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված տոկոսները:
Մարտի 1-ի դրությամբ, Գուրգեն Արսենյանի հաշվին եղել է 35 միլիոն 233 հազար 242 դրամ, 6 միլիոն 253 հազար 17 դոլար եւ 23 հազար 138 եվրո:
Գուրգեն Արսենյանը 10 ընկերություններում ունի բաժնեմաս` 20-100 տոկոս:
Մեկնաբանել