HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

44-օրյա պատերազմի ուսանող-զոհերը

Դասարանում, թե փաբում՝ ընկերների հետ, եթե Վահեն որոշում էր նկարել, պայուսակից հանում էր նոթատետրը, մատիտներն ու ճեպանկարներ անում։ Նկարում էր ընկերներին, մտերիմներին, ուսուցիչներին։ Մորը խոստացել էր, որ բանակից վերադառնալուց հետո նրան էլ կնկարի։

Վահե Կարապետյանի մայրը՝ Կարինեն, պահարանից հանում է որդու ճեպանկարների տետրը, թերթելով ցույց տալիս նկարները, մի պահ կանգ առնում մեկի վրա: 

Հյուրասենյակի ամեն անկյուն Վահեի մասին է պատմում․ աթոռին Վահեի դարչնագույն բաճկոնն է, պահարանում` գրքերն ու նոթատետրերը, սեղանին` շոկոլադները․․․․․Սեղանի մոտ նստած Վահեի տատիկը՝ Քնարիկը, մեկ հետևում է զրույցին, մեկ հոգոց հանելով՝ Վահեի մանկությունից պատառիկներ պատմում, հիշում, թե ինչպես է ձեռքը բռնած խանութ հացի գնացել, ինչպես է թոռանը հաշվել սովորեցրել։

Սենյակի պատերից տարբեր նկարներ են կախված, որոնց մեջ գերակշռում են Վահեի աշխատանքները: «Պատերազմի կտավը» Վահեի վերջին գործն է։ Զորամասից են բերել, նկարում կռվող տղաներն են, Վահեն նկարն արել է պատերազմի օրերին: Նա զոհվել է 2020թ․-ի հոկտեմբերի 14-ին։

Կարինեն պատմում է, որ մինչև հիմա որդու ներկայությունը զգում է։ «Երբ Վահեն ինձ հետ է, լավ եմ զգում՝ առույգ եմ, ուժեղ, երբ Վահեն լքում է, թուլանում եմ, ընկճվում»,- ասում է մայրը։

Դպրոցում գերազանց առաջադիմություն է ունեցել: «Դպրոցում միջոցառում ունեին, ուսուցիչն անխելք մարդու դերը Վահեիս էր տվել, ասացի՝ ինչի՞ եք էդ անխելքի դերն իրեն տվել, ուսուցչուհին պատասխանեց՝ բա Վահեից բացի ո՞վ կարող էր էդքանն անգիր անել»,- ժպտում է Վահեի տատը՝ Քնարիկը։ 

Վահեն ինքնուս նկարիչ էր, կիթառ էր նվագում, ընկերներով մի քանի անգամ փաբում են նվագել։ «Մարդիկ կան, որ պիտի գնան տարիներով սովորեն կիթառ նվագել, ինքն ինքնուրույն սովորել էր, կլուբներում էր նվագում, իրեն կանչում էին, «Ռամշտեյն» էր նվագում․․․․նրան սիրում էին բակում, ինչ ուզում էր, միանգամից լինում էր․․․․ ափսոս էր էրեխեն, ոչ մեկը թող էլ սենց բան չտենա»,- գլուխն ափերի մեջ առնելով ՝ ասում է Վահեի հայրը՝ Արմեն Կարապետյանը։

9-րդ դասարանն ավարտելուց հետո Վահեն ընդունվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի քոլեջ, ապա՝ Ֆրանսիական համալսարանի Կառավարման ֆակուլտետ։ Մի կիսամյակ սովորելուց հետո՝ 2020թ․-ի հունվարի 10-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Քանաքեռի զորամասում, հետո տեղափոխել են Սիսիան։ 2020թ․-ի պատերազմի առաջին օրերին Սիսիանի դիրքերում է եղել։ 

Հոկտեմբերի 9-ին Վահեն զանգահարել է հորն ու ասել, որ տեղափոխում են Արցախ՝ Հադրութ։ 

Հոկտեմբերի 14-ին դասակի հրամանատար Զոհրաբ Ավդալյանը զանգահարել է Արմենին ու ասել, որ նորմալ է ամեն ինչ, իրենց որդին փոքր-ինչ ներքևում է, որտեղ հեռախոսակապ չկա։ Կարինեն կանխազգացել է, որ «մի բան այն չէ», հաջորդ օրը զանգահարել է հրամանատարին․ «Ինձ ասաց՝ երեխեքին կորցրել ենք, հավաքում ենք։ Հարցնում եմ՝ ո՞նց կորցրել եք, Վահեն լա՞վ է, ասում է՝ հա, բայց կասեք ձեր ամուսնուն ինձ զանգահարի․․․․ հետո ամուսնուս ասում է՝ Վահեն էլ չկա»։

«Հոկտեմբերի 14-ին Վահեի ջոկին նահանջ հրաման են տալիս, սակայն անօդաչուն հարվածում է «Ուրալներին»։ Առաջին հարվածից արկը չի պայթում, իջնում են սպասում, հետո նորից ճանապարհ ընկնում, անօդաչուի 2-րդ հարվածից Վահեն բեկորային վնասվածք է ստանում պարանոցի հատվածում, մեքենայից դուրս են բերում, ճանապարհի ինչ-որ հատված քայլում է, մարմինը գտնում են հունվարի 24-ին՝ նույն տեղում, որտեղ թողել էին ընկերները։ Մենք անընդհատ մտածում էինք, որ իրենք փախել են, Վահեին թողել են․․․․ սպասում ենք, բայց Վահեն չի գալիս։ Կարոտում եմ։ Վահեն իմ ուժն էր․․․․ Ապրում եմ, որ Վահեի մասին էս ամենը պահպանեմ»,- ասում է Կարինե Բեգլարյանը։

Արցախյան 2020թ.-ի պատերազմում Հայաստանում ֆրանսիական համալսարանի 8 ուսանող է զոհվել՝ Վահե Կարապետյանը, Գևորգ Հովսեփյանը, Յուրի Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Սուրեն Եսայանը, Շանթ Նավոյանը, Դավիթ Պողոսյանը։ 

Նրանք ընդունվել են համալսարան, հաճախել դասի, այնուհետև զորակոչվել բանակ։ Ֆրանսիական համալսարանի 0 կուրսն ավարտել, ապա 1-ին կուրս էր ընդունվել Յուրի Գրիգորյանը։ Նրա քույրը՝ Հերմինեն հիշում է՝ մանկուց է եղբայրը սիրել մաթեմատիկան, հետո նաև՝ հետաքրքրվել ֆրանսերենով։ Յուրին նպատակ ուներ ուսումը շարունակել Ֆրանսիայում։ 

Առաջին կուրս ընդունվելուց հետո զորակոչվել է բանակ, ծառայել է Վահե Կարապետյանի հետ նույն զորամասում, նույն օրն էլ Սիսիանի դիրքերից տղաներին տեղափոխել են Հադրութ։ Յուրան եւ Վահեն զոհվել են նույն օրը՝ անօդաչուի հարվածից։ Յուրան բեկորային վնասվածք էր ստացել սրտի շրջանում:  

Մյուս ուսանողը՝ Գևորգ Հովսեփյանը, զոհվել է 2020-ի հոկտեմբերի 31-ին Մարտունի 2-ի և Մարտունի 3-ի միջնահատվածում։ Ծառայակիցներով հաց ուտելիս են եղել, երբ անօդաչուն հարվածել է։ Գևորգը փորձել է օգնել վիրավոր ընկերոջը, բայց 2-րդ հարվածն է հասել, 30 զինվորներից 26-ը զոհվել են։ 

«Հետքը» ամփոփ ներկայացնում է Արցախյան պատերազմում զոհված ուսանողների տվյալները, որը ձեռք է բերել Երևանի և մարզերի 16 համալսարաններից։ 

Նախապես դիմել էինք բոլոր համալսարաններին՝ խնդրելով լրացնել հարցաթերթիկներ զոհված ուսանողների մասին։ Բուհերից միայն մի քանիսն են պատասխանել մեր գրությանը և տեղեկություններ փոխանցել, որոշ համալսարաններ մերժել են՝ հիմնավորելով, որ դրանք անձնական տվյալներ են պարունակում և չեն կարող փոխանցվել ու հրապարակվել։ Տվյալների մի մասը հավաքել ենք բաց աղբյուրներից՝ համալսարանների կայքերից կամ ֆեյսբուքյան էջերից, օգտվել ենք լրատվամիջոցների հրապարակումներից։ 

Տվյալներում ներառված են համալսարաններում հաշվառված ուսանողներ, որոնք առնվազն մի քանի օր հաճախել են դասի, այնուհետև՝ զորակոչվել բանակ: Այն ուսանողները, որոնք ընդունվել են, սակայն չեն հաճախել համալսարան, այլ միանգամից զորակոչվել են ԶՈւ, ներառված չեն։ Տվյալների մեջ ներառված չեն նաև համալսարանների շրջանավարտները և կամավորական սկզբունքով 44-օրյա պատերազմին մասնակցածները։ Ըստ հավաքագրված տվյալների՝ 16 համալսարաններից զոհվել է 216 հրամանագրված ուսանող։

216 զոհ՝ 16 համալսարանից

Զոհված ուսանողների, շրջանավարտների անունով համալսարաններում շարունակվում են լսարաններ անվանակոչել, խաչքարեր տեղադրել։ 

ԵՊՀ-ում բացվել է զոհված ուսանողներին նվիրված պուրակ՝ էնդեմիկ ծառատեսակներով, իսկ ֆակուլտետներում (Ժուռնալիստիկա, Իրավագիտություն եւ այլն) բացվել են լսարաններ զոհված տղաների անուններով։  

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ունի օնլայն հիշատակի կայք, որտեղ հրապարակվել են զոհված ուսանողների ու շրջանավարտների նկարներն ու նրանց մասին նյութեր, կայքում կարելի է օնլայն մոմ վառել՝ ի հիշատակ զոհվածների։ 

Պատերազմից մեկ տարի անց էլ զոհված ուսանողների մասին հուշ-երեկոներ են անցկացվում։

Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանի խոսքով՝ 44-օրյայից մեկ տարի անց էլ շարունակում են հանդիպումներ կազմակերպել զոհված ուսանողների հարազատների հետ, Կուլտուրայի ֆակուլտետում բացվել է լսարան զոհված ուսանող Ալեն Մարգարյանի անունով։ 

Իսկ Մանկավարժական համալսարանի 5-րդ մասնաշենքի դիմաց հուշակոթող է կանգնեցվել՝ նվիրված Արցախյան 2020թ. պատերազմում զոհված ուսանողներին։ Պարույրն ասում է, որ միջոցառումները շարունակական են լինելու, հոկտեմբերի 5- ին գրքի շնորհանդես է եղել, որը նվիրված է Արցախյան երեք պատերազմներում զոհված եւ մասնակից՝ Մանկավարժական համալսարանի ուսանողներին եւ շրջանավարտներին։ Գրքի հեղինակ Տիգրան Պետրոսյանցի խոսքով՝ ստեղծել են կենսագրական հանրագիտարան, որտեղ հավաքագրվել են մասնակիցների եւ զոհվածների պատմությունները։ Գրքում տեղ են գտել համալսարանի 13 զոհված ուսանողների պատմությունները։

Մեր տվյալների համաձայն՝ Արցախյան 44-օրյա պատերազմում ամենից շատ զոհ ունեցել է ԵՊՀ-ն՝ 39 հոգի, որոնցից 5-ը ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղից էին (կամավորներն ու շրջանավարտներն այս թվում չեն)։ Նրանք առնվազն մի քանի օր հաճախել են համալսարան, այնուհետև՝ զորակոչվել։ 

Ստացված տվյալների հիման վրա կազմել ենք բուհերում հայտարարագրված և 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված ուսանողների տվյալների ընդհանուր բազա։

Made with Flourish

Տվյալները ցույց են տալիս, որ զոհված ուսանողների մեծ մասը Երևանից էր՝ 62 հոգի, մարզերից ամենից շատ զոհ ունեցել է Շիրակը՝ 28 հոգի, նրանցից 22-ը բնակվել են Շիրակում և սովորել մարզի համալսարաններ, իսկ 6-ը՝ Երեւանի տարբեր բուհեր։ 

Շիրակի մարզում բնակվող ուսանողների մեծ մասն ընդունվել էր «Շիրակի պետական համալսարան»՝ 12 հոգի։ 3 հոգի սովորում էր Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում, 1 հոգի՝ ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղում, 1 հոգի՝ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում, 4 հոգի՝ ՀԱՊՀ-ում, 6 հոգի ուսումնառությունն իրականացրել է Երևանում և բնակվել Երևանում։ 

Ստորեւ ներկայացված քարտեզում արտացոլված են այն բնակավայրերը, որտեղից էին զոհված ուսանողները։ Քարտեզն առանձնացված է ըստ Հայաստանի մարզերի և Արցախի, յուրաքանչյուր բնակավայրի վրա համակարգչի մկնիկը պահելիս կերևա զոհված ուսանողների թիվը։

Զոհված ուսանողներն՝ ըստ բնակավայրի

Զոհված ուսանողներից 19-ը բնակվում էր Կոտայքի մարզում, 17-ը՝ Արմավիրում:

Նրանց մեծ մասը 19-20 տարեկան էր։

Made with Flourish

Զոհված ուսանողներից 169 հոգի՝ 76 տոկոսը, 1-ին կուրսեցիներ էին, որոնք ընդունվելուց հետո առավելագույնը մեկ կիսամյակ սովորել էին և զորակոչվել են բանակ։ 2-րդ կուրսում սովորել է 27 հոգի։ 

Made with Flourish

Զոհվածների մեջ եղել են նաև բարձր կուրսերում և մագիստրատուրայում սովորող ուսանողներ, նրանք հիմնականում սովորել են Երևանի պետական բժշկական համալսարանում (4,5,6-րդ կուրսերում սովորել է 4 ուսանող, իսկ մագիստրատուրայում` 2 ուսանող)։ Բժշկական համալսարանից զոհվել է 17 ուսանող, նրանցից 4-ը ռազմական գործողություններին մասնակցել է բուժակի կարգավիճակով։ Բժշկական համալսարանի 1-ին կուրսի ուսանող Արսեն Ղազարյանը սովորում էր ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ Արսենը Ստեփանակերտից էր։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվել է, ծառայությունը շարունակել որպես բուժակ: Զոհվել է անօդաչուի հարվածից։

Ամփոփելով ստացված տվյալները՝ կազմել ենք բուհերում հաշվառված և 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված ուսանողների վերաբերյալ տվյալների ընդհանուր բազա։ 

44-օրյա պատերազմում զոհված ուսանողները

 

Հ․Գ․ Հոդվածում հավաքված տվյալներն ամբողջական չեն, քանի որ որոշ բուհեր մերժել են տեղեկատվություն տրամադրել։ Եթե ունեք տվյալներ, որոնք ներառված չեն այստեղ, խնդրում ենք փոխանցել խմբագրությանը՝ գրելով [email protected] հասցեին։

Ձևավորումը՝ Սամսոն Մարտիրոսյանի, Արամ Խաչատրյանի

Գլխավոր լուսանկարը՝ Շուշան Գևորգյանի

Վահե Կարապետյանի լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (2)

Ռուբեն
«Հետք»-ը և մասնավորապես, հեղինակը՝ Ամալյա Մարգարյանը, ինչպես նաև հոդվածը ձևավորողները մեծ և գնահատելի աշխատանք են կատարել հավերժացած ուսանողների մասին մանրամասն և դասակարգված տեղեկատվություն ներկայացնելով: Կարդալով այդ տեղեկատվությունը և կանգ առնելով ամեն-մի նկարի վրա, ակամայից փորձում ես պատկերացնել այդ երիտասարդներից յուրաքանչյուրի ուսանողական կյանքից զինվորական կյանքի անցնելու, հետո էլ՝ պատերազմական վտանգների միջով անցնելու ընթացքը և ցնցվում ամեն-մեկի սրտի բաբախումների դադարելու համար... Հավերժ փառք նրանց լուսավոր հոգիներին, քանի որ այդ հրաշք դեմքերով երիտասարդները Հայրենիքին նվիրեցին ամենաթանկը՝ ԻՐԵՆՑ ՄԱՏՂԱՇ ԿՅԱՆՔԸ և մուտք գործեցին հավերժության տարածություն...
Գայանե Գևորգյան
Շատ կարևոր աշխատանք եք կատարում․ զոհերի իրական թվերի կոծկման, հարյուրավոր անհետ կորածների, համատարած կեղծիքի պայմաններում սա բացի կարևոր տեխնիկական, տեղեկատվական աշխատանք լինելուց, նաև բարոյական պարտք կատարելու պես մի բան է դարձել․․․ Անմար հիշատակ․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter