HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա․ վիճակագրությունը գրեթե հավասար է

Այսօր՝ 21։00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Հս․ Մակեդոնիա հանդիպումը։ Աշխարհի 2022 թ․ առաջնության ընտրական փուլում սա թիմերի երկրորդ խաղն է, առաջինը, որը կայացել էր սեպտեմբերի 2-ին Սկոպիեում, ավարտվել էր 0-0 հաշվով։ 

Հիշեցնենք, որ ընտրական 10-րդ խմբում առաջատարը Գերմանիան է, որն ունի 21 միավոր եւ արդեն նվաճել է ԱԱ-2022-ի ուղեգիրը։ Երկրորդ տեղի համար պայքարում են Ռումինիան (13 միավոր), Հս․ Մակեդոնիան ու Հայաստանը, որոնք ունեն 12-ական միավոր։ Ավելի գերադասելի են ռումինների հնարավորությունները, որոնք մնացած երկու տուրերում հանդիպելու են խմբի հետնապահներին՝ Իսլանդիային եւ Լիխտենշտայնին։ Նկատենք, որ երկրորդ տեղ գրավելը փլեյ-օֆ փուլին մասնակցելու հնարավորություն է տալու։

Նախախաղային ասուլիսում գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հայտարարել է, որ քանի դեռ կա խմբից դուրս գալու տեսական հնարավորություն, թիմը պայքարելու է դրա համար։

Արդեն հայտնի են այն 23 ֆուտբոլիստների անունները, որոնք հնարավորություն կունենան այսօր դուրս գալ խաղադաշտ։

Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով խաղին չեն կարող մասնակցել պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Տարոն Ոսկանյանը, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հարձակվող Սարգիս Ադամյանը։

Այս պահին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մեր հավաքականը 89-րդն է, իսկ Հս․ Մակեդոնիան՝ 74-րդը։ Այդուհանդերձ, վիճակագրական փոքր առավելությունը Հայաստանի ընտրանու օգտին է։ Թիմերը միմյանց հետ անցկացրել են 11 խաղ, ընդ որում՝ բոլորն էլ պաշտոնական, տարել են 4-ական հաղթանակ ու 3 ոչ-ոքի են խաղացել, գոլերի տարբերությունը՝ 17-15՝ հօգուտ Հայաստանի։

Առաջին հանդիպումը եղել է «Եվրո-1996»-ի ընտրական փուլում՝ 1995-ի մայիսի 10-ին, Երեւանում, որում գրանցվեց 2-2: Մերոնցից գոլերի հեղինակ դարձան Ռազմիկ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը: Սա պատմական հանդիպում էր, քանի որ պաշտոնական խաղերում առաջին անգամ Հայաստանի հավաքականը գոլեր խփեց: Ընդ որում՝ Սամվել Դարբինյանի սաները հաղթում էին 2-0 հաշվով, սակայն ձեռքից բաց թողեցին հաղթանակը, որը կարող էր դառնալ առաջինը պաշտոնական խաղերում: Այդուհանդերձ, այդ հաղթանակը իրականություն դարձավ նույն մակեդոնացիների հետ պատասխան խաղում, որը կայացավ 1995-ի սեպտեմբերի 6-ին Սկոպիեում: Կրկին Գրիգորյանի ու Շահգելդյանի գոլերի շնորհիվ մեր թիմը հաղթեց 2-1 հաշվով: Հետաքրքիր է, որ այս անգամ էլ մերոնք էին պարտվում 0-1, բայց կամային հաղթանակ տարան. այսպես Հայաստանի ընտրանու պատմության մեջ առաջին պաշտոնական հաղթանակը կայացավ արտագնա խաղում:

Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում հավաքականները նորից երկու հանդիպում անցկացրին: 2004-ի օգոստոսի 8-ին Սկոպիեում Հայաստանը պարտվեց 0-3 հաշվով: 2005-ի հունիսի 4-ին Երեւանում տեղի ունեցած պատասխան հանդիպմանը նորից հաղթեցին բալկանցիները՝ 2-1: Հյուրերի առաջատար Պանդեւի երկու գոլերին մեկ անգամ պատասխանեց մեր թիմի ծագող աստղ Էդգար Մանուչարյանը: 

«Եվրո-2012»-ում, որը Հայաստանի հավաքականի պատմության մեջ ամենահաջողվածներից էր, թիմերը 2010-ի սեպտեմբերի 7-ին հանդիպեցին Սկոպիեում: Յուրա Մովսիսյանի ու Էդգար Մանուչարյանի գոլերը, ցավոք, չօգնեցին Վարդան Մինասյանի թիմին հաղթանակ տանել: Խաղավարտին Արարատ Առաքելյանի ձեռքով խաղը սեփական տուգանայինում հանգեցրեց 11-մ հարվածի, եւ խաղն ավարտվեց 2-2: Այդուհանդերձ, այդ խաղը ցույց տվեց մեր ընտրանու մեծ ներուժը, որը ռեալիզացվեց հետագա մրցելույթներում: Հայ ֆուտբոլիստները 2011-ի հոկտեմբերի 7-ին Մարկոսի, Հենրիխ Մխիթարյանի, Գեւորգ Ղազարյանի ու Արթուր Սարկիսովի գոլերի շնորհիվ բալկանցիներին հաղթեցին 4-1 հաշվով:

Հերթական երկու հանդիպումները կայացան Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության ժամանակ: 2018-ի սեպտեմբերի 9-ին Սկոպիեում տանտերերը հաղթեցին 2-0, սակայն նույն տարվա հոկտեմբերի 16-ին հայ ֆուտբոլիստներն արժանի ռեւանշի հասան 4-0 հաշվով: Գոլերը խփեցին Մարկոսը, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը:

Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության շրջանակներում 2020 թ․ սեպտեմբերի 5-ին մերոնք Սկոպիեում պարտվեցին 1-2 հաշվով։ Ընդ որում՝ բոլորը գոլերը խփվեցին 11-մ հարվածից։ Մերոնցից խաղավարտին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը։ Պատերազմի պատճառով պատասխան խաղը կայացավ չեզոք դաշտում՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, նոյեմբերի 18-ին։ Հովհաննես Համբարձումյանի միակ գոլը հաղթական էր։ Այդ հաղթանակի շնորհիվ մեր թիմն առաջին անգամ հաղթող դարձավ Ազգերի լիգայի խմբային փուլում, ինչը մյուս խաղարկությունում նրան հնարավորություն կտա խաղալ ավելի բարձր լիգայում (դիվիզիոնում)։

Թիմերի միջեւ վերջին խաղը կայացել է այս տարվա սեպտեմբերի 2-ին։ Սկոպիեում գրանցվեց 0-0։ 

Այսօրվա հանդիպումն սպասարկող մրցավարների անձնակազմն Իսպանիայից է։ Գլխավոր մրցավարը Խոսե Մարիա Սանչես Մարտինեսն է, որին կօգնեն Ռաուլ Կաբաներո Մարտինեսը եւ Ռոբերտո Ալոնսո Ֆերնանդեսը։ Չորրորդ պաշտոնյան է Խուան Մունուերա Մարտինեսը։  VAR-ի մրցավարը Պաոլո Վալերին է (Իտալիա), նրա օգնականը՝ իր հայրենակից Լուկա Պայրետոն։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Տոմաշ Միկուլսկին (Լեհաստան), իսկ հանդիպման պատվիրակը՝ Մարկ Բոսը (Նիդերլանդներ):

Երեւանի ժամանակով 23։45-ին կսկսվեն Գերմանիա-Լիխտենշտայն եւ Ռումինիա-Իսլանդիա հանդիպումները։  

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter