HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նոյեմբերի 10-ին Փարիզում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։

Արձանագրվել է համանախագահների՝ տարածաշրջան այցի կարևորությունը իրավիճակին տեղում ծանոթանալու համատեքստում։ Հանդիպման ընթացքում կողմերն առաջնահերթ են համարել տարածաշրջանում դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։ Այս առումով Արարատ Միրզոյանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության վրա հարձակումները, որոնք հանգեցրել են զոհերի, ինչպես նաև անընդունելի է համարել շարունակական հայատյաց հռետորաբանությունը:

ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև՝ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Նույն օրը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հյուրընկալությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը` լիարժեքորեն վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը՝ այդ թվում դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև՝ սադրանքների ու հայատյաց հռետորաբանության անընդունելիության վերաբերյալ։

 

Գլխավոր լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter