HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

ԼԱՄՊլանդիա՝ լամպերի կախարդական աշխարհ Գյումրիում

Թարեքներին շարած լամպերի բազմազանությունն ու ինքնատիպությունը մի պահ շլացնում են՝ տեղափոխելով ինձ Ալադինի աշխարհ: Կանգ եմ առնում որոշակի հեռավորության վրա՝ փորձելով հայացքով ընդգրկել ամբողջը: 160 չկրկնվող լուսատուներ՝ տարբեր չափերի, կառուցվածքի, գույների ու գործառնական նշանակության: Թարեքի աջ անկյունն ինձ հիշեցնում է 19-րդ դարի ֆրանսիական թատրոնի օթյակ: Ձեռքս մեկնում եմ երկարավիզ փխրուն գեղեցկուհու կողմը, որի հարեւանությամբ տեղավորված ֆրանսուհիների իշխող գլխանոցները մասնակիորեն թաքցնում են կանաչազգեստի հմայքը: Տանտերը սեղանին է տեղափոխում ցմփորիկներին, հետո դարակներից մեկից վերցնում ու ինձ է տալիս ափաչափ մի նրբիկի: 

«Հնդկական ճրագաման է,- բացատրում է Մանուկը,- յուղով կաշխատի, ինչքան հասկացել եմ, կրոնական արարողությունների ժամանակ կօգտագործեն: Ինքը ձեռքի աշխատանք է, բայց հնություն չէ, այսինքն հիմա էլ գործածվում է: Տուրիզմով զբաղվող մի տղա կա՝ Վահագն Վարդումյանը, ինքը գերմանացի մի տուրիստի եւ Կարեն անունով մի տղայի հետ Մեծ Պարնի գյուղում հյուրընկալվել էին քրոջս տանը, իմացել էին իմ մասին, էն որ լամպերի հավաքածու ունեմ, հաջորդ օրն եկան Գյումրի: Հնդկական ճրագը նվիրել է Կարենը, Հնդկաստանից մի քանի հատ բերել էր, մեկն էլ հասավ ինձ»:

Գյումրեցի Մանուկ Հովհաննիսյանի լամպահավաք գործունեությունը սկսվել է մոտ 6 տարի առաջ: Սկզբում 1990-ականների անլույս տարիներից պահպանված սովետական լամպերն էին, որոնք ձեղնահարկից մի օր իջան հյուրասենյակ, մաքրվեցին 20 տարվա մոռացության փոշուց ու ժամանակավոր բազմեցին լուսամուտագոգին: Մանուկը պատմում է, որ տան հետնաբակը ամառային նստավայրի վերածելու աշխատանքներ էին ձեռնարկել: Հյուսիսային հատվածում պատ էին շարել, որի դատարկությունը համ ճնշող էր, համ ձանձրացնող: Լամպերը տարել են այնտեղ: Այցելող հարազատներից ով հիշել է, որ դեռ պահպանված նմանատիպ լուսատու ունի, բերել է: 

-Ավելի շատ գնել ես, թե՞ նվիրել են,- հարցնում եմ:

-Առել էլ եմ, նվիրել են նաև, գողցել էլ եմ,- Մանուկի պատասխանը նախ ծիծաղ է հարուցում:

-Ինչպես թե գողացել եմ, չեմ հավատում,- չեմ կարողանում թաքցնել զարմանքս:

-Դե ասածիս մեջ համ կատակ կա, համ իրականություն,- զրուցակիցս ծիծաղում է,- իրականում հավաքածուիս մեծ մասը նվիրել են: Ինչ վերաբերում է, այսպես ասած առանց զգուշացնելու վերցնելուն, տեսել եմ էդ մարդու բակում անպետք իրերի վրա գցած՝ վերցրել եմ: Արդեն պարզ է, որ իրանց պետք չէ: Պետք էղներ, տունը դրած կեղներ, ոչ թե կռիշը կամ պադվալը շպրտած: Էդպիսի մի երկու դեպք է եղել ընդամենը: Բայց մի անգամ որոշեցի հարցնել: Մի օր, մեկի բակում տեսա հնոտիքի վրա լամպը գցած էր, տանտիրոջից ուզեցի, ըսեց՝ չէ՛, ըդիկ հորքուրիս հիշատակն է: Վերցրեց տարավ տուն, չտվեց: Մի կողմից նեղվա, մյուս կողմից էլ մտածեցի, դե լավ է, օր չուզեի, հորքուրի հիշատակն ըդպես էլ զիբլի մեջ կմնար, բայց սրտիս էլ դարդ եղավ՝ ըդուրից չունեի:

Մանուկին գյումրեցի հնավաճառները լավ են ճանաչում, երբ լամպի հետաքրքիր նմուշ է հայտնվում, անմիջապես զանգում են: Զրուցակցիս գնած լամպերի գները տատանվում են 5-ից 15 հազար դրամի սահմաններում: Հավաքածուի մեջ տեղ գտած լամպերի մեծ մասը Հայաստան է հասել Գերմանիայից եւ Ֆրանսիայից: «Ես էդ երկու երկրում ահագին բարեկամներ ունեմ, ու իրանք ամեն գալուց ընձի լամպ կբերեն՝ նալոգի նման, թե չէ մուտքի վիզաները չեմ խփե,- Մանուկը ծիծաղում է,- ամեն անգամ աուկցիոնից կամ հնավաճառներից ձեռք կբերեն: Օրինակ, Ժոզեֆ Լուկա ֆիրմայի հեծանիվի էս լամպը ձեռք են բերել Ֆրանսիայում: Հետաքրքիր նմուշ է, մեկ դար առաջ ավտոների, հեծանիվների վրա է դրվել, կերոսինով կաշխատի: Քարհանքերում օգտագործվող լամպի էս նմուշն է շատ յուրահատուկ, կետի ճարպով աշխատող լամպ ունեմ, ստոլիպինյան լամպն է շատ հետաքրքիր, դրանք գնացքի վագոնների մեջ վագոնավարներն են օգտագործել, արաբական ոճով պատրաստված էս լամպերն են շատ շքեղ: Ինչ ասեմ, ամեն մեկը յուրովի անգերազանցելի են ինձ համար»:

Մանուկը հոգով հավաքորդ է: Դեռ մանուկ հասակից սիրում էր ինչ-որ մի բան հավաքել: Դպրոցական տարիներին հավաքում էր նամականիշեր, դրամ: Հավաքածու կազմելու սերը տղային փոխանցվել է հորից, որը Գյումրու ֆիլատելիստների ընկերության ակտիվ անդամներից էր: Հիմա էլ տանը պահպանվում է հոր ու որդու նամականիշերի եւ թղթադրամների հավաքածուն:

Լամպերի խնամքով Հովհաննիսյանների ընտանիքում զբաղվում են Մանուկի կինն ու ավագ որդին: Լիանան ժպտալով նշում է, որ սկզբնական շրջանում շատ է նեղվել, քանի որ դրանք ամենուր էին՝ սեղաններին, լուսամուտագոգերին, դարակների վրա: «Կանայք ինձ կհասկանան, երբ մշտապես քո կողմից օգտագործվող տարածքները զավթված են ինչ-որ լամպերով: Ամեն մի նոր լամպ ձեռք բերելիս բաղնիքը նավթի մեջ կկորեր: Լամպեր կային, որ եսիմ քանի տարվա նավթը մեջն էր, ու լվանալուց չորս կողմը կկեղտոտվեր, բայց հիմա սովորել եմ: Զգում եմ, որ հավաքածուն Մանուկի կյանքի շատ կարեւոր մասնիկն է դարձել, հետեւաբար, ես էլ արդեն սիրով եմ ընդունում ամեն մի ձեռքբերումը,- խոստովանում է Լիանան,- սկզբում մաքրության հարցերով միայն ես էի զբաղվում, բայց հիմա որ շատացել է, մեծ տղաս է օգնում: Ապակիները լվանալուց Մանուկը շատ է լարվում, անընդհատ աչքի տակով հետեւում է, հանկարծ չկոտրվի, դե իր անհանգստությունն էլ է հասկանալի, որովհետեւ կան լամպեր, որ իրենց օրիգինալ ապակին չկա, ու դժվար է ճարելը: Պիտի խոստովանեմ, որ մեկ-երկու հատ պատահական կոտրել եմ, բայց հիմա ավելի զգույշ եմ»:

Լիանան ցույց է տալիս իր սիրելի լամպերը, որոնք տեղ են գտել խոհանոցում: Առաջինը եվրոպական ոճի է, մյուսը՝ հնդկական կանթեղ է, որ բավական նուրբ աշխատանք է եւ կախված է խոհանոցի առաստաղից: Մանուկը խոհանոցի դարակներից մեկից իջեցնում է կլորավուն «փորիկով» հերթական գեղեցկուհուն:

-Սա Ֆրանսիայից են բերել, բայց ինքը չինական է, ու երեւի միակ լամպն է, որ անուն ունի, էն էլ ես չեմ դրել, բարեկամներիցս մեկն է կնքել անունը, կըսե՝ ինչխոր զոքանչ էղնի՝ զուգված-զարդարված: Իսկ մեր մյուս ընկերը՝ Ղազարյան Համլետը, հավաքածուիս անունը դրել է՝ ԼԱՄՊլանդիա:

-Իսկ զվարճալի դեպքեր եղե՞լ են կապված լամպերի հետ,- հարցնում եմ:  

-Դե արտառոց ինչ-որ բան չի եղել, բայց կհիշեմ, մի անգամ լույսերը մի քանի ժամով անջատել էին իրիկունը, տունն էդ վախտ 50 հատ լամպ ունեինք, հեչ մեկի մեջը նավթ չկար, օր վառեինք, ըդպես մթության մեջ նստել էինք:

54-ամյա Մանուկը մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է, 15 տարի եղել է պայմանագրային զինծառայող: Ներկայում աշխատում է մարզում գործող հէկերից մեկում, նաեւ անհատական պատվերներ է ընդունում՝ ջեռուցման համակարգի անցկացման: Սակայն լամպերի հավաքածուն այս տարվանից ստիպել է մտածել զբոսաշրջության մասին: 

«Արսեն Շիրակի Բազեին գիտեք, տուրիզմի միտքն ինքն է տվել, երբ որ առաջին անգամ եկել էր մեր տուն: Ընձի կսեր, որ հեչ վատ բան չկա հյուրեր ընդունելու մեջ, թեյ, սուրճ հյուրասիրելու ու դրա դիմաց ասենք գումար վերցնելու: Իհարկե, միտքը սկզբում շատ խորթ էր՝ հատկապես փող վերցնելու պահով,- Մանուկը կրկին ժպտում է,- դե մենք սովոր ենք հյուրասիրելու, միշտ կմտածեք, որ մի կտոր բան պիտի ուտեն, դրա փողովը ո՞րն է: Հետո մի օր զբոսավարներից Արմենը Վարդանյան տուրիստներ էր բերել, իրանց գնալուց հետո, Լիանը սեղանը կհավաքեր, մեկ էլ տեսնինք ափսեի տակ 5000 դրամ թեյավճար էին թողել: Խառնվել էի իրար, զանգել եմ Արմենին, կըսեմ, ամոթ է, իրանք առանց էդ էլ սիմվոլիկ վճարել էին, գտի էդ մարդկանց, փողը հետ տանք: Արմենն էլ, թե Մանուկ ջան, ինչի ես խառնվել, ուրեմն իրանց շատ է դուր եկել, որ գումար են թողել»:

Հովհաննիսյանները պլանավորում են հաջորդ տարվանից առավել լրջորեն զբաղվել զբոսաշրջիկներ հյուրընկալելով: Մանուկը սկսել է դասընթացների մասնակցել: Մտադիր են այգու ազատ հատվածում մեկ-երկու սենյակից բաղկացած հյուրատուն կառուցել, որ կարողանան գիշերակացով Գյումրի եկողներին եւս հյուրընկալել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter