
Սեպտեմբերի 27-ը՝ պատերազմի զոհերի հիշատակի օր. պատգամավորների առաջարկը
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Արմեն Գևորգյանն առաջարկում են սեպտեմբերի 27-ն ամրագրել որպես Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակի օր: Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում:
Նախագծով առաջարկվում է սեպտեմբերի 27-ը սահմանել ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր՝ պատերազմի զոհերի հիշատակը հարգելու, ազգային աղետին գնահատական տալու համար:
Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ միջազգային հանրությունը լիարժեք տեղեկացված չէ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի մանրամասներից: «Հայաստանում պետական մակարդակով նշելով այդ օրը՝ մենք ուղերձ ենք հղում միջազգային հանրությանը, որ հետամուտ ենք լինելու բոլոր մանրամասների վերհանմանը և միջազգային ատյաններում, այդ թվում՝ միջազգային քրեական դատարանում, մարդկության դեմ գործած հանցագործությունները փաստելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է նախագծում:
Նշենք, որ այս տարի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի տարելիցին, այդպես էլ համազգային սգի օր չհայտարարվեց: Կառավարությունը նախորդ տարի դեկտեմբերի 19-ին՝ ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, եռօրյա սուգ էր հայտարարել:
Մեկնաբանել