HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ են հայտարարագրել Իջևանում ՔՊ-ի և ՀՅԴ-ի ընտրացուցակների առաջին դեմքերը

Այս կիրակի՝ նոյեմբերի 14-ին, Իջևանում և Հայաստանի մի քանի համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Իջևանում ընտրապայքարին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը և ընդդիմությունը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը։ 

Ըստ օրենքի՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցող և ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուները պարտավոր են ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Մենք դիմել ենք Տավուշի մարզի թիվ 38 Տարածքային ընտրական հանձնաժողով և ստացել թեկնածուների հայտարարագրերը։

Ստորև ներկայացնում ենք Իջևանում ՏԻՄ ընտրություններին մասնակցող և կուսակցությունների ընտրացուցակները գլխավորող թեկնածուների հայտարարագրերը։ 

ՔՊ-ի ցուցակը գլխավորող Արթուր Ճաղարյանի հայտարարագիրը

ՔՊ-ն Իջևանում ներկայացրել է 56 թեկնածուից բաղկացած ցուցակ, որը գլխավորում է Իջևանի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։ 

Այս պաշտոնում նա նշանակվել է 2021 թ.-ի ապրիլին, 2015 թ.-ից եղել է ​​Իջևան համայնքի ղեկավարի տեղակալը, իսկ մինչ այդ աշխատել է Կադաստրի պետական կոմիտեում։

Այսպես, ըստ Ճաղարյանի ներկայացրած հայտարարագրի՝ նրա եկամտի աղբյուրը համայնքի ղեկավարի պաշտոնում ստացած աշխատավարձն է՝ 4 մլն 483 հազար դրամ (1 տարվա համար)։ Նա հայտարարագրել է 404 հազար դրամ դրամական միջոց։

Ճաղարյանը հայտարարագրել է նաև մեկ բնակելի տուն և հողամաս Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում, մեկ բնակարան և երկու հողակտոր էլ՝ Իջևան քաղաքում։

Որևէ շարժական կամ թանկարժեք գույք Ճաղարյանը չի հայտարարագրել։ 

ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Վահան Ղազումյանի հայտարարագիրը

Ի տարբերություն ՔՊ-ի, ՀՅԴ-ի ընտրացուցակը բավականին համեստ է՝ գրանցվել է ընդամենը 14 թեկնածու։ Ցուցակը գլխավորում է Վահան Ղազումյանը։ 

Ղազումյանը Իջևանի ավագանու անդամներից մեկն է, անհատ ձեռներեց է, ՀՅԴ անդամ։

Ըստ թեկնածուի ներկայացրած հայտարարագրի՝ նա իրեն պատկանող «Արվա Գրուպ» ՍՊԸ-ից և «Վահան Ղազումյան» ՍՊԸ-ից ստացել է ընդհանուր առմամբ 4 մլն 400 հազար դրամի չափով շահույթ։ Նույն ընկերություններից ստանում է նաև 510 հազար դրամ աշխատավարձ։

Ղազումյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից ստանում է տարածքի վարձակալության վճար՝ 324 հազար դրամ։ Որպես դրամական միջոց հայտարարագրել է 3 մլն դրամ, 200 հազար ռուսական ռուբլի, 4000 ԱՄՆ դոլար և 1000 վրացական լարի։

Ըստ հայտարարագրի՝ Ղազումյանին է պատկանում երկու մեքենա՝ 2005 թվականի արտադրության Ford Transit և 1993 թվականի արտադրության Mercedes Benz։ Իջևան քաղաքում Ղազումյանը հայտարարագրել է մեկ բնակարան և երեք կտոր հողամաս, իսկ Երևանում հայտարարագրել է երկու բնակարան։ 

EU LOGO.png (33 KB)
Այս հոդվածը պատրաստվել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից «Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի շրջանակներում:  Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter