
Կապանում ՔՊ-ն և «Շանթ դաշինք»-ը գլխավորող թեկնածուների հայտարարագրերը
Նոյեմբերի 14-ին Կապանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Կապան խոշորացված համայնքը ներառում է Կապան քաղաքը և հարակից 38 համայնքները։
Այստեղ ընտրապայքարը երկու քաղաքական ուժերի միջև է լինելու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության միջև։
ՏԻՄ ընտրություններին մասնակցող և ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուները պարտավոր են ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Սյունիքի մարզի թիվ 35 Տարածքային ընտրական հանձնաժողովը «Հետք»-ին տրամադրել է թեկնածուների հայտարարագրերը։
Ստորև ներկայացնում ենք Կապանում ՏԻՄ ընտրություններին մասնակցող և կուսակցությունների ընտրացուցակները գլխավորող թեկնածուների հայտարարագրերը։
«Շանթ դաշինք»-ի ցուցակը գլխավորող Գևորգ Փարսյանի հայտարարագիրը
«Շանթ դաշինք»-ը գլխավորում է Կապան համայնքի գործող ղեկավար Գևորգ Փարսյանը, որն ընտրվել է 2018 թ.-ի հոկտեմբերին Կապանում կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում։ Ընտրացուցակում կա 70 թեկնածու։
Ըստ Փարսյանի ներկայացրած հայտարարագրի՝ նրա միակ եկամուտը համայնքի ղեկավարի աշխատավարձն է՝ 7 մլն դրամ։ Որևէ դրամական միջոց Փարսյանը չի հայտարարագրել։
Շարժական գույքից Կապան համայնքի ղեկավարը հայտարարագրել է միայն մեկ ավտոմեքենա՝ 2005 թ.-ի Lexus GX 470, որի շուկայական արժեքը 15-20 հազար դոլար է։
Փարսյանը հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ հողամաս, երկուսն էլ՝ Կապան քաղաքում։ Որևէ արժեթուղթ կամ այլ ներդրում Փարսյանը չի հայտարարագրել։
ՔՊ-ի ցուցակը գլխավորող Դավիթ Դանիելյանի հայտարարագիրը
Կապանում ՔՊ-ի թեկնածուն կապանցի Դավիթ Դանիելյանն է։ 29-ամյա Դանիելյանը գեղանկարիչ է, վերջին ընտրություններին ՔՊ-ի ընտրացուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր, այժմ փորձում է դառնալ Կապան համայնքի ղեկավար։
Ըստ հայտարարագրի՝ Դանիելյանի հիմնական եկամուտը պատգամավորական աշխատավարձն է՝ 1 մլն 500 հազար դրամ (մի քանի ամսվա համար), որը նա ստացել է պատգամավորական մանդատը ստանալուց մինչ այս պահը։ Նա նաև աշխատավարձ է ստացել Պետական վերահսկողական ծառայությունից՝ 1 մլն 200 հազար դրամ, քանի որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին աշխատել է որպես այս կառույցի ղեկավարի օգնական։ 2019-2020 թ. եղել է ԿԳՄՍՆ նախարարի օգնականը, որտեղից էլ ստացել է 1 մլն դրամ աշխատավարձ։
Որպես դրամական միջոց Դանիելյանը հայտարարագրել է 1 մլն 500 հազար դրամ։ Իբրեւ թանկարժեք շարժական գուք հայտարարագրել է երկու մեքենա՝ 2008 թ. Suzuki Grand Vitara և 2012 թ. Kia Sorento, որի շուկայական գինը 10-13 հազար դոլար է։
Դանիելյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երևանում և երկու կտոր հողամաս Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Որևէ արժեթուղթ կամ այլ ներդրում Դանիելյանը չի հայտարարագրել։
ՔՊ-ի ցուցակում ընդգրկվել է 61 թեկնածու։
Մեկնաբանել