HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մասիս համայնքի իշխանական թեկնածուն դատարանի վճռով սնանկ է ճանաչվել

Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են լինելու նաև Արարատի մարզում: Մասիս խոշորացված համայնքում պայքարում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարը Սայեն Հայրապետյանն է: Ըստ տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության՝ նա չի աշխատում: Երկրորդ համարը զբաղեցնող թեկնածուն՝ Մելիք Նազարյանը ևս գործազուրկ է:

Պարզվում է Սայեն Հայրապետյանը նաև ֆինանսական դժվարություններ ունի: Նա Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով 2015թ. սեպտեմբերի 1-ին սնանկ է ճանաչվել: Սայեն Հայրապետյանը ստանալով սնանկության դիմումը, գրավոր չի վիճարկել այն, ինչը նշանակում է, որ փաստացի ընդունել է այդ փաստը:

«Դատալեքս» տեղեկատվական պորտալում առկա տեղեկատվության համաձայն՝ 2016 թ․-ին, երբ վերջնական հաստատվել է պահանջատերերի ցուցակը, Սայեն Հայրապետյանը «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին պարտք է եղել 63 հազար 746 ԱՄՆ դոլար և 508 հազար դրամ, իսկ քաղաքացի Արմեն Սարգսյանին՝ 5 մլն 500 հազար դրամ:

Նշենք, որ սնանկության գործընթացը ձեռնարկել էր քաղաքացի Արմեն Սարգսյանը, ումից Ս. Հայրապետյանը 5 մլն 500 հազար դրամ պարտքով գումար է վերցրել, սակայն պայմանավորված ժամկետում չի վերադարձրել:

2018 թ․-ին նախաձեռնվել է Սայեն Հայրապետյանի գույքի վաճառքը, որը գնահատվել է ընդհանուր 66 մլն 430 հազար դրամ: 2019 թ․-ին գործը փոխանցվել է Սնանկության դատարան և անավարտ փուլում է:

Սայեն Հայրապետյանը ԵԿՄ-ի տարածքային կառույցի ղեկավարն է: Նախկինում եղել է Հանրապետական կուսակցության աջակիցը, այնուհետև 2017 թ․-ի ԱԺ ընտրությունների ժամանակ պատգամավորության թեկնածու է եղել ԲՀԿ-ի «ռեյտինգային» ցուցակով:

«Դավիթ Համբարձումյան» դաշինքի ցուցակի առաջին համարը Մասիսի գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է: Վերջինս Հանրապետական կուսակցության անդամ է, սակայն որոշել է կուսակցության ցուցակով չպայքարել  համայնքային նոր իշխանություն ձևավորելու համար:

Նշենք, որ Դավիթ Համբարձումյանն էլ մեղադրվում է 2018 թ․-ի իշխանափոխության օրերին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Դ. Համբարձումյանը 2018 թ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Նույն օրը Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ գործադրվել է բռնություն, ոչնչացվել է գույք՝ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ:

Գործը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:

Ցուցակի երկրորդ համարը Նորայր Հակոբյանն է: Նա թեև անկուսակցական է, սակայն ՀՀԿ-ի ակտիվ համակիր է եղել: Նորայր Հակոբյանը Մասիսի համայնքապետի տեղակալն էր և նոյեմբերի 9-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Լուսանկարում՝ ձախից Դավիթ Համբարձումյանն ու Սայեն Հայրապետյանը

Լուսանկարը՝ «Հրապարակ»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter